Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատասխանը եղավ «չեմ կարող», և մի շաբաթ անցած իշխանը ստացավ մի կոշտ նամակ, ուր Հալաբյանը արտահայտում էր մի տեսակ արհամարհանք նորին պայծառափայլությանը։

Վերջապես, Նիկողայոսը ստիպվեց Հալաբյանի պարտքը վճարել Ախշարումյանին։ Իսկ իշխան Սահարանին յուր կողմից մի գոռոզ և վիրավորական նամակ ուղարկեց Կարլսբադ ամուրիին։ Եվ այսպես ընդհատվեց նրանց բարեկամությունը հավիտյան...

Աշնան սկզբին Ախշարումյանը, վերջացնելով յուր և Հալաբյանի գործերը, ինչպես խոստացել էր, ուղևորվեց Վիեննա։ Այնուհետև Հալաբյանի մասին Թիֆլիսում այլևս ոչ ոք տեղեկություն չէր ստանում և ոչ ոք էլ չէր մտածում նրա վրա։ Միայն նրա քրոջ որդիները, որոնց հետ նա ոչինչ հարաբերություն չուներ, երբեմն հիշում էին, որ արտասահմանում մի հարուստ քեռի ունեն։ Եվ հիշում էին այն մտքով, որ գուցե մի օր կարողանան տիրանալ նրա ժառանգությանը։ Սակայն նրանց հույսերն էլ խաբվեցին։ Քաղաքում մի օր լուր տարածվեց, թե Հալաբյանը այլևս մտադիր չէ յուր հայրենիքը վերադառնալու։ Նա վճռել է մնալ արտասահմանում և մտադիր է յուր բոլոր կարողությունը կտակել ազգին։

Լուրը քաղված էր Ախշարումյանի մի նամակից, և սխալ չէր...


Մարիամը նստած էր դեպի փողոց նայող սենյակի պատուհանի մոտ և նայում էր դուրս։ Հոկտեմբերի խոնավ և ցուրտ օրերից մեկն էր, երկինքը հետզհետե մթնում էր միմյանց վրա կուտակվող խիտ-խիտ ամպերից։ Երբեմն նա վեր էր կենում տեղից, քայլում էր սենյակում և կրկին նստում, կրկին հայացքը ուղղում դեպի փողոց։

Անձրևը սկսեց թեթև շաղել, կառքերը անցնում էին բաց ծածկոցներով, մարդիկ նույնպես, Մարիամը թույլ, մոլոր քայլերով շարունակում էր անցուդարձ անել, ձեռները կրծքին ծալած։ Երբեմն նա ցնցվում էր, կանգ էր առնում,