նայում յուր շուրջը։ Կարծես ալքերով որոնում էր մի բան, որով կարողանար թեթևացնել յուր սրտի ճնշող ծանրությունը։
Վեց ամիս է անցել Բագրատյանի գնալուց, և նրա մասին ոչ մի տեղեկություն չկար։ Միայն առաջին ամիս Ռուբենը ստացավ նրանից մի նամակ, որով հայտնում էր, թե յուր ընկերների հետ հասել է ճանապարհորդության կետին… Ուրիշ ոչինչ։
Արդյոք ի՞նչ պատահեց նրան, արդյոք կենդանի՞ է, թե՞ արդեն զոհ է դարձել յուր վտանգավոր ձեռնարկությանը։ Այս էր մտածում Մարիամը, և եղանակի վատությունն ավելի ծանրացնում էր նրա սրտի վիշտը։
Նախընթաց օրը նա թախանձել էր Ռուբենին հայտնել ճիշտը՝ ո՞րտեղ է գտնվում Բագրատյանը։ Բայց Ռուբենը ինքն էլ չգիտեր նրա տեղը, և աշխատում էր մի կերպ իմանալ։ Այսօր մեկը խոստացել էր ճիշտ տեղեկություն տալ նրան։ Նա գնացել էր, և այժմ Մարիամը նրան էր սպասում անհամբեր։
Այլևս Մարիամը չէր թաքցնում ոչ Ռուբենից, ոչ Սաթենիկից յուր զգացմունքը։ Հայտնի էր Բագրատյանի նրա սրտում զարթեցրած խորին, անհաղթելի զգացմունքը, որին ոչ նրա բացակայությունը և ոչ ժամանակի ընթացքը չէին մեղմացնում, այլ ընդհակառակը…
Այն օրից, երբ Բագրատյանը հեռացել էր, այն օրից Մարիամի դեմքի վրա մի ժպիտ չէր երևում, այն օրից չուներ մի րոպե հանգստություն։ Ժամերով նստում էր նա անգործ, լուռ, մտազբաղ, ոչ մի բան նրան չէր զբաղեցնում, ոչ մի բան չէր շարժում նրա հետաքրքրությունը։ Նրան տիրել էր մի տեսակ ծուլություն։ Կարուձևով նա համարյա այլևս չէր պարապում, և եթե երբեմն յուր ձեռքն էր առնում կարի մեքենան, լոկ Սաթենիկի թախանձանքից ստիպված և Ռուբենից ամաչելով։ Իսկ տնային գործերը կատարում էր ռուս աղախինը, որին երկու ամիս էր արդեն վարձել էին։
Այժմ Ռուբենի նյութական դրությունը համեմատաբար ապահով էր։ Սեպտեմբերի մեկից նրան տվել էին նույն ուսումնարանում ուսուցչի լի պաշտոն։ Նա ստանում էր