այնքան վարձ, որ կարող էր միջակ ապրուստ վարել։ Բագրատյանի գնալուց հետո նա դարձյալ փոխվել էր, պարապվում էր յուր սովորական խաղաղ գործերով։ Նա զբաղված էր այն գիտական գրավոր աշխատությամբ, որ սկսել էր մի տարի առաջ։
Նա արդեն վճռել էր ձմեռը ամուսնանալ Սաթենիկի հետ։ Սկզբում երկուսն էլ մտադիր էին հետաձգել մի տարով։ Բայց Մարիամի համառ թախանձանքը փութացրել էր վճիռը։ Նա ցանկանում էր օր առաջ տեսնել յուր սիրելի եղբոր և ընկերուհու բախտը ընտանեկան խաղաղ կյանքում։ Նրա խռովված հոգին և փոթորկալից սիրտը ձգտում էին մտերիմների փոխադարձ երջանկության մեջ գտնել մեղմ մխիթարություն։
Արդեն սկզբնական պատրաստությունները տեսնվել էխն։ Ռուբենի այժմյան բնակարանը նոր էր վարձված։ Այն սենյակը, ուր այնպես հանգիստ անցուդարձ էր անում Մարիամը, բավական ընդարձակ էր։ Կահ-կարասին նոր էր. յուր առաջին ամսվա ռոճիկը Ռուբենը այդ բանին էր հատկացրել։ Պատի տակ դրված էր ծաղկանկար բարձերով և մութաքաներով զարդարված թախտը։ Մի անկյունում երևում էր մի սևագույն փոքրիկ պահարան, որի հարկերի վրա կանոնավոր դարսված էին երկու տասնյակ կազմած գրքեր։ Մյուս անկյունում դրված էր մի գահավորակ, երեք թերբազկաթոռներ, որոնց մուգ-մոխրագույն ասվյա ծածկոցը համագույն էր պատերի պաստառին։
Այս բոլորը դասավորված էին մեծ խնամքով։ Մարիամի ճաշակն էր երևում ամեն տեղ, նա էր ղեկավարել աղախնի գործը։ Մաքրությունը օրինակելի էր, ոչ մի տեղ, ոչ մի անկյունում չէր երևում ավելորդ կամ անկանոն ձգված բան։ Սեղանները՝ իրանց վրա դրած պարագաներով, աթոռները, հատակը, նույնիսկ դռները փայլում էին իստակությունից։ Պատուհանների ապակիների վրա չէր երևում մի փոքրիկ արատ, և ցերեկվա լույսը ներս էր տարածվում անխափան։ Ամեն ինչ այստեղ տրամադրում էր ընտանեկան խաղաղ կյանքի։ Միայն Մարիամի հոգու խռովութունը այդ բոլորի հակապատկերն էր արտահայտում նրա դեմքի վրա։