այդ, որ գործադրվում էր ամեն տեղ, ամեն ժամանակ և ամենքի առջև։
Նրա հետևից երևացին բժիշկ Սալամբեկյանը և մի քանի ֆակուլտետներ անցած Մսերյանը։ Տարիքով ամենից մեծ, կազմվածքով խոշոր Մսերյանի դեմքը խորշոմած էր, քունքերի մազերի մեջ արդեն փայլում էին սպիտակներ։ Ներս մտավ թե չէ՝ սա հաստ ձեռնափայտն ու լայնեզր գլխարկը դրեց սեղանի վրա և գոչեց.
— Արսեն, եթե մարդ ես, ինձ մի բաժակ թեյ։
Սիրականը ներս բերեց սամովարը, հյուրերը տեղավորվեցին նրա շուրջը:
Սկսվեց ընկերական մտերիմ խոսակցություն։ Սենյակը աղմկեց հետզհետե բարձրացող ձայներով։ Նրանք միմյանց հաղորդում էին շրջապատող հասարակության տհասության, անկրթության, նախապաշարմունքների, բռնության, հարստահարության և այլ ու այլ վատ երևույթների նորանոր փաստեր։ Ամեն ինչ նրանց աչքում մթին էր երևում։ Հասարակական կյանք չկա։ Մարդիկ մտածում են միմիայն իրանց նյութականի մասին։ Ժողովուրդը խարխափում է տգիտության մեջ։ Հին սերունդը բռնակալ է, նորը թույլ, հալածված, ճնշված։ Վաճառական դասը ապականված է, հարստահարող, փողամոլ։ Երիտասարդությունը բարոյապես փչացած է։ Հայրենիքի խնդիր չկա, իդեալ չկա։ Ուսումնարանները պատրաստում են տիրացուներ։ Գրականություն չկա։ Լրագրության մեջ տիրում է շարականի հոգին։ Ամեն ինչ կարոտ է արմատական վերանորոգության։
— Պարոննե՛ր, — բացականչեց Մսերյանը, որ փոքրիկ ժողովում մի տեսակ նախագահի դեր էր կատարում, — սկսենք գործել ձեռք-ձեռքի տված։ Մեր փոքրաթիվ կրծքերը դեմ տանք չինական պատին։ Խորտակենք նրան, որ անջատում է մեզ եվրոպական քաղաքակրթությունից։
Նա խոսում էր ոգևորված, ինչպես կրակոտ պատանի։ Այնինչ՝ տարիքը երեսնից անց էին: Երբեմն նա յուր խոսքը զարդարում էր հայտնի հեղինակների դարձվածներով։ Ստեպ-ստեպ հիշում էր Նալբանդյան, Աբովյան, Նազարյան անունները, համարելով նրանց «առաջին զինվորներ ժողողովրդի