առաջադիմության համար»։ Նա պնդում էր, թե պետք է գնալ այդ մարդկանց հարթած շավղով։ Նրա ձայնը երերվում էր, ականջները և այտերը կարմրել էին, ձեռները դողում էին և լեզուն շփոթվում։ Ընկերների շրջանում նա վայելում էր «անուղղելի իդեալիստ» մականունը։ Նրա խոսքերից բուրում էր բուռն ոգևորություն և խորին հավատ դեպի մարդկության երջանիկ ապագան։ Սովորական ախտերը — բռնասիրություն, հարստահարություն, ընկերական ոգու բացակայություն և այլն, և այլն — նա համարում էր ներկայի ծնունդ։ Կանցնի ժամանակ, կմաքրվի մարդկությունն այդ ախտերից, և կտիրե այն իդեալական կյանքը, որին ձգտել են աշխարհի ամենաբարձր սրտերը, ամենազորեղ հանճարները։
— Այո՛, պարոններ, — ավարտեց նա յուր ատենաբանությունը, — մենք էլ լինենք այդ զորապետների գոնե հետին զինվորների շարքում։ Կռվենք և գործենք։ Մեր ազգը փոքրիկ է, թույլ, անպաշտպան, չթողնենք, որ նա խավարի մեջ մնա։
Նրան հաջորդեց Դիմաքսյանն յուր ծրագրով, որի ընդհանուր կետերը նա պարզեց։
Նա խոսում էր համառոտ և կտրուկ ոճով։ Ցույց էր տալիս այն գլխավոր հասարակական վատ երևույթները, որոնց դեմ պետք է մաքառեր նոր երիտասարդությունը։
— Բայց ես կրկնում եմ, ամենագլխավորը ընկերական միությունն է։ Եթե մենք չդավաճանենք մեր ընտրած սկրզբունքներին, շատ բան կարող ենք անել։
Ամենից քիչ խոսում էր Վեքիլյանը։ Նա, շարունակ ժպտալով, ամենքի հետ համաձայնվում էր։
Բարաթյանը մասնակցում էր խոսակցությանը զվարթ եղանակով։ Նա նույնպես ոգևորվում էր, բայց չէր գրգռվում։ Նա չէր հարվածում հասարակական կյանքի վատ երևույթները, ինչպես Դիմաքսյանը, Մսերյանը կամ նույնիսկ ծուլախոս Սալամբեկյանը, այլ հեգնում էր և ծաղրում։ Երբեմն ամենալուրջ խնդրի մեջ խառնում էր մի սուր կատակ։ Նա ասաց, թե ոչ մի գործ չի կարող կենդանի կերպով առաջադիմել, եթե նրա մեջ խառն չէ կինը։ Չպիտի միակողմանի