Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատկանիշների զարգացմանը։ Եթե նա ընկերոջը ծեծում է և հայհոյում, մեղավորը ուսուցիչներն են.

— Դուք եք, պարոններ, — շարունակեց նա, ավելի ոգևորվելով, — դուք, որ մանուկ հասակից նրան սովորեցնում եք անպայման հնազանդության, ձեր կամքի, ձեր խելքի, ձեր հասկացողության, ձեր դատողության օրենքներին։ Դուք կատարում եք մտքի բռնակալների դեր և այն էլ մատաղ մտքերի։ Ի սեր ազատ բնության, հեռո՛ւ պահեցեք նոր սերունդը ձեր եսի ազդեցությունից, եղեք ժամանակակից կրթության միջնորդներ և ոչ ճնշող մեքենաներ։ Թույլ տվեք աշակերտի անհատական ուժերն անկախ զարգանան, միայն հետևեցեք, որ նրանք չփչանան վատ ուղղությամբ։ Անպայման բացակայություն խստության — ահա իմ առաջարկած դիսցիպլինան։

Նրա ճառն ազդեց մի քանի երիտասարդ ուսուցիչների վրա: Ոմանք բացարձակ հայտնեցին իրանց հավանությունը։ Սակայն մեծամասնությունը հակաճառեց։ Բարձրացավ անասելի աղմուկ քսան ու հինգ հոգուց բաղկացած ժողովում։ Մի կողմից Դիմաքսյանի կողմնակիցները, մյուս կողմից գերմանական մանկավարժը, տեսուչը և մի ստվար խումբ սկսեցին բարձրաձայն վիճել մինչև կեսգիշեր։ Հետևյալ առավոտ վերակացուներից մեկը թեթևամտաբար պատմեց բարձր դասարան աշակերտների առաջ նախընթաց երեկոյին տեղի ունեցած եղելությունը։ Անմիջապես կազմվեց համակրողներից մի խումբ, և Դիմաքսյանը աշակերտների շրջանումն էլ կողմնակիցներ ունեցավ։ Դասերից հետո, երբ նա դուրս էր գալիս դպրոցից, փողոցի դռան մոտ մութ անկյունում հավաքված մի քանի հասակավոր աշակերտներ գաղտնի ծափահարեցին նրան։ Նա ոգևորվեց, մոռացավ յուր կրած անախորժությունը, սրտում զգաց մի տեսակ ուրախություն։ Մի վայրկյան նրան թվաց, թե ինքը հալածվածների ու թույլերի պաշտպան է: Եվ նրա սրտում զարկեց հերոսական փառասիրության երակը: Նույն օրը երեկոյան նա պաշտոնակիցների հետ ունեցած ընդհարումը պատմեց յուր մոտ ժողովված ընկերներին։ Բոլորը միաձայն արտահայտեցին իրանց համակրությունը։ Միայն իրավաբան Վեքիլյանը