Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նկատեց, թե չպիտի շատ էլ ոգևորվել. «հարկավոր է ամեն մի միտք զգույշ քարոզել»։

— Զգույշ, զգույշ,— գոչեց Մսերյանը սրտմտությամբ,— դու էլ միշտ քո երգն ես երգում։

Ոչ ոք Դիմաքսյանին այնքան չէր համակրում, որքան այդ «անուղղելի իդեալիստը»։ Գուցե այդ էր պատճառը, որ Դիմաքսյանն ամենից ավելի նրա հետ էր մտերիմ և նրան էր սիրում ու հարգում։ Նա խրախուսեց Դիմաքսյանին, առաջ բերելով նոր գաղափարների համար հերոսացած մարդկանց կյանքից օրինակներ։

Բարաթյանը ծիծաղեց նրա վրա։ Մի՞թե կարելի է հսկաների օրինակները ամեն մի չնչին բանի համար հիշել։ Կարծես, մի երևելի բան է մի խումբ կիսակիրթ ուսուցիչների դեմ մաքառելը։ Եվ, խոսակցության նյութը փոխելով, առաջարկեց ընկերներին մի քիչ զվարճանալ։

— Պարոններ, եղեք գործիչներ կամ կործանիչներ, ինչ կամենաք, բայց մի՛ մոռանաք, որ մեր կյանքը անցողիկ է։ Պետք է դառնությունների հետ զվարճություն էլ վայելել։ Այդ օրը Դիմաքսյանը ռոճիկ էր ստացել։ Նա պատվիրեց Սիրականին ընթրիք պատրաստել։ Շուտով ընկերական շրջանը նստեց սեղանի շուրջը բաց ախորժակով, ազատ, համարձակ, ինչպես պարզ ուսանողներ։ Նրանք սկսեցին այնպես զվարճանալ, խոսել ու վիճել, որ դրսից լսողը կկարծեր, թե սենյակը լիքն է հանդիսականներով։ Գինին կրկնապատկել էր մի քանիսի ոգևորությունը։ Մսերյանը սկսեց մի հին ուսանողական երգ։ Բժիշկ Սալամբեկյանը ընդհատեց նրան ժողովրդական մի մելամաղձիկ երգով։ Իրավաբան Վեքիլյանը շարունակ ժպտում էր և աշխատում ցույց տալ, թե անկեղծ զվարճանում է։ Բարաթյանը առանձին ուրախ տրամադրության մեջ էր։ Նա սրախոսում էր սովորականից շատ և ավելի հաջող։ Առհասարակ ընկերական խնջույքներում նա հայտնի էր ինչպես ամենազվարթ սեղանակից։ Ուտում էր նա անփույթ կերպով և անընդհատ խոսելով, և ուտում էր ամենից շատ և յուր հաստ շրթունքները այնպես շարժելով, որ ուրիշների ախորժակին էլ նպաստում էր: