Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վեքիլյան, ես քո գիրքը չեմ հավանում,— նկատեց Մսերյանը,— միշտ լուռ, միշտ զգույշ, հեր օրհնած, մի անգամ չտեսա, որ դու ոգևորվես ընկերներիդ շրջանում։

— Է՜հ, անցան ուսանողական օրերը, կյանքը մարդու վրա ազդում է, միշտ չի կարելի ուրախանալ։

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի փիլիսոփայական եղանակով, որ, կարծես, վաղուց անցել էր կյանքի մշակող քուրան։ Այդ էր, որ վրդովեցրեց Մսերյանին, որ առանց այն էլ մտքում շատ էլ չէր համակրում իրավաբանին։

— Աստված սիրես,— գոչեց նա,— ինձ մոտ կյանքի մասին մի խոսիր։ Տեսնո՞ւմ ես գլխիս մազերը, նրանք շատ օրեր են տեսել, ի՜նչ ես լրջամիտ ծերունի ձևանում։

Արդարև, Մսերյանը շատ օրեր էր տեսել, դառն օրեր։ Տասը տարեկան հասակում նա զրկվել էր ծնողներից, մնացել էր թշվառ, անօգնական։ Մի բարեսիրտ մարդ նրան վերցրել էր յուր հովանավորության տակ։ Մեռել էր այդ բարեսիրտ մարդն էլ, և նա դարձյալ մնացել էր անպաշտպան։ Ուսանող լինելով, շաբաթներով տաք կերակրի երես չէր տեսել, ապրել էր խոնավ նկուղներում, ընկերացել էր ամեն տեսակ մուրացկանների հետ։ Երեք ձմեռ հյուսիսի կլիմայում անց էր կացրել առանց վերարկուի։ Երկու տարի միայն նա կանոնավոր կացարան և կերակուր էր ունեցել։ Թափառել էր քաղաքից քաղաք ապերախտ ընկերների չար լեզուների պատճառով։

Այդ բոլորը հայտնի էր Վեքիլյանին, որ այժմ նրա առջև կենսական փիլիսոփայի քղամիդ էր հագնում։ Այն Վեքիլյանին, որ ապրել և սնվել էր ապահով ծնողների գգվանքով և գուցե չէր կարող հասկանալ, թե ինչ ասել է «չար աստղի տակ» ծնված լինել։

— Լսեցե՛ք, ընկերներ, լսի՛ր, Վեքիլյան,— արտասանեց Մսերյանը հուզված ձայնով,— կյանքը միայն նրան է ճնշում, ով յուր ուսերը տխմարի պես դեմ է տալիս նրա հարվածներին։ Մաքառեցեք անդադար, և դուք միշտ կծիծաղեք նրա վրա։ Կեցցե' վիշտ, որ մաքրում է մարդուն, ինչպես կրակը ոսկուն…