ժամանակակից հարցի մասին էինք վիճում, որ դուք եկաք: Ասացեք, խնդրեմ, միթե կինը մեզանում կարո՞ղ է այն դերը կատարել, ինչ որ լուսավորված ազգերի մեջ։ Ես այս մասին պարոն Բարաթյանի հետ էլ խոսել եմ։ Նա ասում է, թե դուք, պարոն Դիմաքսյան, մեր իրավունքները տաք-տաք պաշտպանում եք. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Բայց ինչ օգուտ. կինը միթե մեզանում կարո՞ղ է բերան բաց անել յուր իրավունքների համար, Лизочка не шали, ոչ, ոչ, չէ կարող, մենք Ասիայումն ենք ապրում, հասկանո՞ւմ եք, Ասիայում։ Այնպես չէ՞, պարոն Բարաթյան։
Իհարկե այդպես է։ Միթե ջենտլմեն Բարաթյանը կարո՞ղ է հակառակել ժամանակակից տիկնոջ ասածներին։
— Միայն պետք է քաջ լինել, ուշադրություն չդարձնել ուրիշների վրա և ապրել ինչպես եվրոպացի, տիկին, ինչպես եվրոպացի։
— Իհարկե, իհարկե, պարոն Բարաթյան, ես էլ այդ եմ ասում։ Ասում են, տիկին Բախտամյանը ազատամիտ կնիկ է, մի՞թե ես չգիտեմ, որ շատերը նախանձից են խոսում։ Եթե ես ուրիշների պես միշտ զուգվելով, զարդարվելով, հանդեսներ գնալով անցկացնեի ամբողջ կյանքս, չէին խոսիլ: Հավատացեք, չէին խոսիլ: Ափսոս, որ մեր տղամարդկանց մեջ էլ քիչ բարեկամներ ունենք։ Ինչ ուզում եք ասեք, տասից ինը վատ աչքով են մտիկ անում լուսավորված կնոջ վրա։ Պարոն Դիմաքսյան, մի բաժակ էլ, էէ՜, լաա՛վ, խմեցեք, ես ցերեմոնիա չեմ սիրում, Лизочка, тише, Элочка, что ты орешь? Տեսնում եք, որ լուրջ բաների մասին ենք խոսում, խելոք նստեցեք ու ականջ դրեք։
Մանկահասակ աղջիկները, որ մի օրինավոր կոնցերտ էին սկսել, ավելի բարձր գռռացին և միմյանց մի երկու բռունցք տալով բաժանվեցին։
— Բավական չար են, պարոն Դիմաքսյան, բայց մեղավորը ես եմ, շատ եմ ազատություն տալիս։ Ես նրանց կրթում եմ նոր եղանակով։
Խոսակցությունը տեղի ուներ ռուսերեն։ Տիկինը, որ ազատ տիրում էր այդ լեզվին, ոչ ոքի ժամանակ չէր տալիս բերանը բաց անելու։ Նա շարունակեց նույն եղանակով.