Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնակարգ կալվածատիրոջ։ Ո՞ր վաճառականը, ո՞ր բանկիրը, ո՞ր պաշտոնյան չէր կատարել այդ պատկառելի քաղաքացու խնդիրը։ Ուրեմն պետք էր գրավել այդ զորավոր մարդու համակրությունը։ Իսկ Բարաթյանը ոչ միայն դեռ չէր գրավել, այլև զգում էր, որ յուր հաճախ այցելությունները նրան դուր չեն գալիս։ Պատճառը նա շատ լավ գիտեր։ Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի նախանձոտ ամուսին էր։ Եվ Բարաթյանը այդ կողմից նրան մեղադրելու իրավունք չուներ։ Քսան և յոթ տարեկան գեղեցիկ և երիտասարդ կնոջ հիսուն և ութ տարեկան մարդը չէր կարող յուր տանը սառնասիրտ ընդունել երիտասարդ հյուրեր։ Մանավանդ, որ տիկին Բախտամյանը, Պյոտր Սոլոմոնիչի կարծիքով, չափից ավելի էր ազատ վարվում երիտասարդների հետ։ Իսկ Բարաթյանը ամենից կրթվածն էր, ամենից խելոքը, ամենից սրախոսը և, որ գլխավորն է, ամենից գեղեցիկը, որի հրապույրին դյուրին չէր դիմանալ։

Մի բան կարող էր նրա համար տեղ բաց անել Պյոտր Սոլոմոնիչի սրտում — Գայանեի հետ ամուսնանալը։ Նա գիտեր, որ պատկառելի քաղաքացին այդ ամուսնության դեմ չէր լինի. միթե Գայանեի համար նրանից ավելի հաջող կենակից կարո՞ղ էր գտնել։

Ահա ինչու Բարաթյանը գիշերվա կեսին առանձնացած յուր սենյակում՝ մտածում էր. ինչ անել, առաջ դիրք հաստատել, հետո՞ ամուսնանալ, թե՞ ամուսնանալ դիրք հաստատելու համար։

Կար և մի ուրիշ կետ, որ զբաղեցնում էր նրա միտքը կեսգիշերին։ Եվ որքան նա աշխատում էր չխորհել, դարձյալ այդ միտքր համառությամբ հալածում էր երիտասարդին։ Ժամանակ առժամանակ նրա աչքերի մեջ պսպղում էր մի կրքոտ փայլ։ Նա յուր հաստլիկ շրթունքները սեղմում էր սպիտակ խոշոր ատամներով, նրա առույգ այտերը դողում էին, իսկ դեմքի վրա տարածվում էր մի ժպիտ, որ հագուրդ չստացած հեշտասիրություն էր արտահայտում։

— Ո՜չ, այդ չպիտի անել, չպիտի անել, գոնե... Վեքիլյանի համար, — արտասանեցին նրա շրթունքները։