պահում եմ ու մեծացնում։ Էհ՛, բան է, ժամանակիս երիտասարդ եք, կարելի է մտածում եք օժիտի մասին, պարզն եմ ասում, Գայանեն ոչինչ չունի:
«Խորամանկություն ես անում, բարեկամ, ինձ խաբել չես կարող», մտածեց Բարաթյանը։
Նա բարվոք համարեց առայժմ հրաժարվել օժիտի գաղափարից։ Ի՞նչ օժիտ, ի՞նչ բան, նա շատ ստոր մարդ կլիներ, եթե Գայանեի հետ կամենար փողի համար ամուսնանալ։ Ոչ, ոչ, նա սիրում է օրիորդին և միայն նրան է ուզում, թեկուզ առանց կոպեկի, թեկուզ մերկ էլ տաք, նա չի հրաժարվի։
— Մալադչինա,— գոչեց Պյոտր Սոլոմոնիչը միանգամայն հիացած,— լավ տղան այդպես պետք է անի։
Հազիվ նա արտահայտել էր յուր հիացումը, երբ դռները կամացուկ բացվեցին և հանդարտ քայլերով ներս մտավ տիկին Բախտամյանը։ Պյոտր Սոլոմոնիչը ուզեց պատմել նրան, բայց տիկինը ձեռի շարժումով հասկացրեց, թե տեղյակ է բանին։
— Երևի, եթե ինքս եկած չլինեի, դու ինձ չէիր կանչիլ, ասաց նա վիրավորված եղանակով։
— Փաա՜, ոնց չէ, դու Գայանեի համար մայր ես։
— Նա ինքը ինձանից տասնապատիկ լավ մայր է իրան համար։
— Է՜է, հիմա ասա տեսնենք, համաձա՞յն ես։
— Ի՞նչ ասել է «համաձայն ես»։ Ես կամ դու ի՞նչ իրավունք ունինք, խոմ մեր պապերի ժամանակը չէ, այժմ աղջիկը ում հավանում է — նրան է գնում։ Միայն ես մի բան եմ ուզում ասել, պարոն Բարաթյան, լավ մտածեցեք, շատ չե՞ք վռազում պսակվելու, դուք այնքան երիտասարդ եք, որ...
— Չէ՞ որ Գայանեն էլ երիտասարդ է, — ընդհատեց Պյոտր Սոլոմոնիչը։
Տիկինը ուսերը վեր քաշեց և ժպտալով պատասխանեց։
— Ինչո՞ւ, շատ էլ երիտասարդ չէ, ես ու նա համարյա միասին ենք մեծացել, մարդ չպիտի թաքցնի պակասությունը, բավական հասակով է։
— Հասակի մասին խոսելը ավելորդ եմ համարում,—