Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասաց Բարաթյանը, չզգալով, թե որքան վիրավորում է տիկնոջը — միայն ես ձեր համաձայնությունն եմ խնդրում։

— Ես համաձայն եմ,— գոչեց Պյոտր Սոլոմոնիչը բանին վերջ տալու համար:

— էհ, տա աստված, որ բախտավոր լինեք,— ավելացրեց տիկինը հառաչելով։

Բարաթյանը թույլ տվեց, որ Պյոտր Սոլոմոնիչը համբուրի յուր ճակատը, իսկ ինքը համբուրեց տիկնոջ ձեռքը։ Նա տիկնոջ հետ վարվում էր խորին որդիական հարգանքով և անսահման համեստությամբ։ Մի բան, որ թե՛ Պյոտր Սոլոմոնիչին շատ դուր եկավ և թե՛ նրա սրտից ջնջեց կասկածի վերջին նշույլն անգամ...


XII


Չարագուշակ երեկոյից հետո Դիմաքսյանը առհասարակ տնից չէր դուրս գալիս, բացի դպրոց գնալուց։ Այժմ նա կատաղած էր ոչ միայն հակառակորդների, այլև ամբողջ հասարակության, նույնիսկ մարդկության դեմ։ Ինչպե՞ս նա սառնարյուն կրեր այն բոլոր ատելությունները, ծաղրը, արհամարհանքը, որոնց հանդիպում է ամեն քայլափոխում։

Դպրոցը նա այժմ հանգիստ էր թողել, նրա մեջ տեղի ունեցած զեղծումները շատ էլ չէին զբաղեցնում նրա միտքը։ Այս պատճառով պաշտոնակիցները և հոգաբարձուները բավական հաշտ էին նրա հետ. վերջապես, նա ինքը առայժմ մասամբ գոհ էր։ Նրա հարձակումները անհետևանք չէին մնացել, հոգաբարձուների մեջ դպրոցի համար նոր շենք կառուցանելու խնդիր էր հղացել։ Նրա ցանկացածն էլ առայժմ այդ էր, մնացյալը ապագայի խնդիր էր։ Ուստի առժամանակ նա լռեց։

Բայց նա նյութում էր մի ավելի կատաղի կռիվ։ Դա մի առանձին գրություն էր «Հասարակություն և անհատ» անունով։ Պետք է ապացուցաներ, թե ընդհանուրի քաղաքակրթության հիմքը անհատն է. քանի որ չկան բարոյական անհատներ — չի կարող լինել և բարոյական հասարակություն։ Սակայն լոկ գրելը նրան չէր գոհացնում։ Նա ձգտում էր