Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարել էր մինչև անգամ նրան բարևելուց։ Իսկ Բարաթյանը մոտեցավ նրան, ձեռը սեղմեց և շնորհավորեց, գոչելով.

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։

— Շնորհակալ եմ։ Իսկ դու, ասում են, մտադիր ես քաղաքային իրավասու ընտրվել։

— Ե՞ս։ Ոչ, բարեկամ, ժամանակ չունեմ։ Ես զբաղված եմ ամուսնությանս հոգսերով, չէ՞ որ սեպտեմբերին պսակվում եմ Գայանեի հետ։

Եվ միթե Դիմաքսյանը մոռացե՞լ էր չարաբաստիկ հանգամանքը և միթե նա չէ՞ր զգում, որ յուր առջև կանգնած է այն մարդը, որ անհուն վիշտ էր պատճառել նրան՝ թե՛ կամա, թե՛ ակամա։ Ինչո՞ւ ուրեմն Բարաթյանը կրկին մատ է խփում նրա սրտի խոցին։ Այո՛, անշուշտ նրա համար, որ զգալ տա նրան յուր գերազանցությունը, յուր տարած հաղթությունը։

— Հուսով եմ, որ հարսանիքիս հրավերը ստանալով, կբաիեհաճես ներկայանալ ինչպես ընկեր-բարեկամ։

Այդ արդեն չափազանցություն էր։ Դիմաքսյանը ապշած նայեց նրա երեսին։ Նա ոչինչ չասաց, և ի՞նչ կարող էր ասել։ Օձը արդեն զարթել էր և պաշարած թույնը տարածում էր նրա ամբողջ մարմնի մեջ։

Առանց մի բառ արտասանելու, առանց մինչև անգամ ձեռ տալու, նա գունատված երեսը շուռ տվեց և հեռացավ։

Բարաթյանը չարախնդությամբ նայեց նրա հետևից և մտքում ասաց. «Դու ինձ պատերազմ ես հայտնում, լավ, տեսնենք ո՞վ կտանի հաղթությունը»։

Եվ թույլ շվացնելով, հանդարտ ու հպարտ շարունակեց յուր ճանապարհը։


XV


Պսակադրության պայմանավորված ժամանակը մոտենում էր, Բարաթյանի անհանգստությունը ավելանում։ Օժիտի խնդիրը դեռ չէր պարզվել։ Իսկ Պյոտր Սոլոմոնիչը հանգստանում էր սեփական ամառանոցում։ Օրվա մեծ մասը