Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա, մի երկար ճյուղավոր փայտ ձեռին, զբոսնում էր յուր բնակարանի առջև ձգված հասարակական պարտեզում։ Նա իրանից ձևացնում էր քաղաքական գործերից հոգնած մի եվրոպական բուրժուա, որ նոր ուժ է ժողովում հայրենիքին նոր ծառայություններ անելու։

Հարսանիքի հոգսերը նա լիովին ձգել էր յուր կնոջ և քրոջ աղջկա վրա։ Շաբաթը մի անգամ տիկինը և օրիորդը գալիս էին քաղաք հագուստներ պատվիրելու։

Բարաթյանը գիտեր նրանց գալու ժամանակը։ Որոշյալ ժամին նա միշտ երկաթուղու կայարանումն էր լինում նրանց դիմավորելու համար։ Գայանեն ուզում էր ամեն բան նրա ճաշակով գնել և կապել տալ. ուստի ուր գնում էր, նրան էլ հետը տանում էր։ Հարսանիքի պատրաստությունները օրիորդին կլանել էին լիովին։ Ամբողջ օրը նա չափում էր, կտրում, փորձում և անհամբեր սպասում երջանիկ օրին։ Եվ նա ժամանակ չուներ քննելու, թե ինչու տիկին Բախտամյանը այնքան հաշտ է յուր հետ, որ, կարծես, նախկին նախանձի նշույլն անգամ չէր մնացել։

Մի օր Բարաթյանը, վերջապես, վճռեց կողմնակի կերպով խոսք բաց անել Գայանեի հետ օժիտի մասին։ Օրիորդը այնքան համոզված էր նրա սիրույն, որ ինքը առայժմ ավելորդ էր համարում փողի մասին խոսելը։ Արժե՞ր միթե սիրո բանաստեղծական հրապույրը համեմել նյութականով և փոխադարձ զգացման երկնային հմայքը պրոզա դարձնել։ Փոխադարձ, այո՛, որովհետև Բարաթյանն էլ սիրում էր նրան և սիրում էր անկեղծ։ Միայն նրա զգացումը այնքան կուրացուցիչ չէր, որ միանգամայն մոռացնել տար ապագայի խնդիրը։ Չէ՞ որ կանցնի բանաստեղծականը, և կյանքի իրականությունը մի օր կմերկանա ապագա ամուսնինների առջև յուր բոլոր անողոք պահանջներով:

— Ուրեմն դու և Օվսաննան ունեք տարեկան հինգ հազար ռուբլի եկամուտ, — կնշանակե քո մասը տարեկան երկու հազար հինգ հարյո՞ւր է։

— Այո՛, ի՞նշ կա, ինչո՞ւ լռեցիր։

— Պյոտր Սոլոմոնիչը ասում էր, թե քո ծնողները ոչինչ չեն թողել։