Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքից չքացավ կծու հեգնության ժպիտը, տեղի տալով մեղմ և փաղաքշական արտահայտությանը։ Նա հանդարտ մոտեցավ Գայանեին, բռնեց նրա ձեռը և նայելով նրա աչքերին, հարցրեց.

— Ո՞ւմ դեմ է քո կասկածը։

— Օ՛օ, մի՛ հարցնիլ ինձանից, մի՛ հարցնիլ, չեմ կարող ասել...

— Գայանե, դու իրավունք չունես, գիտե՞ս իրավունք չունես ինձ սրբապիղծ մարդ համարելու։

Այս խոսքերը նա մի այնպիսի եղանակով արտասանեց, որ մի վայրկյան Գայանեի սիրտը, կարծես, թեթևություն զգաց։ Նա թույլ տվեց ամուսնուն իրան համբուրել։ Բայց անցավ այդ վայրկյանը, երբ նա նայեց մարդու աչքերին։ Այնտեղ, այն քնքուշ և մեղմ արտահայտության տակ, Գայանեն տեսավ մի ավելի կեղծ բան, որ միայն նրա համար էր նշմարելի։

Նա կամացուկ յուր ձեռը ազատեց մարդու ձեռներից և մի քայլ հետ կանգնեց։

Բարաթյանը հասկացավ այդ շարժման իմաստը և երեսը հետ դարձրեց։ Նա գիտեր, որ դժվար, մինչև անգամ անհնարին է փարատել երիտասարդ կնոջ զգայուն սրտի մեջ բույն դրած կասկածը։ Ուստի բարվոք համարեց խոսակցությունը չերկարացնել։

— Բայց արդեն ժամանակ է ճաշելու, սիրելիս,— ասաց նա զվարթ եղանակով,— որքան էլ բանաստեղծական լինենք, ստամոքսը յուր ուզածն է պահանջում։

Եվ շվացնելով անցավ սեղանատուն։

Նույն օրերը կանանց ընկերության օգտին ժողովարանի դահլիճում երեկույթ էր նշանակված։ Գայանեն վճռել էր չգնալ, թայց ամուսինը սաստիկ թախանձեց նրան, որ համառություն չանի։ Անկարելի է, վերջապես, բոլորովին երես դարձնել հասարակությունից։ Ի՞նչ կմտածեն մարդիկ, միշտ նրան առանց կնոջ տեսնելով հանդեսներում: Ընտանեկան խռովություններ կարելի է ունենալ, բայց միշա ուրիշների աչքից պետք է քողարկած պահել։ Թող ամենքը համոզված լինեն, որ նրանց մեջ տիրում է փոխադարձ սեր։