Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկույթը բաղկացած էր նվագահանդեսից և պարերից։ Մի հնամաշ դերասանուհի երգում էր մի ինչ-որ դրամատիկական երգ։ Գայանեն նստած էր յուր ամուսնու մոտ տխուր, լուռ և անտարբեր։ Նրա դեմքի վրա չկար նախկին գրավիչ ժպիտների նշույլն անգամ։ Այդ դեմքը բարկացնում էր ամուսնուն, և սա ստեպ-ստեպ շշնջում էր նրա ականջին, խնդրելով, որ գոնե ուրիշների առաջ ուրախ ձևանա։

«Ես ոչ կարող եմ կեղծել, և ոչ կամենում եմ», — պատասխանում էր Գայանեն։

Նվագահանդեսը վերջացավ։ Բարաթյանները դուրս եկան դահլիճից մի փոքր անցուդարձ անելու։ Հասարակության խուռն բազմության մեջ Գայանեն նկատեց Դիմաքսյանին։ Մի անկյունում կանգնած՝ նա խոսակցում էր մի ինչ-որ պարոնի հետ։ Տեսնելով Գայանեին, սառն քաղաքավարությունով գլուխ տվեց և կամենում էր երեսը կրկին դարձնել յուր խոսակցին, երբ տիկինը ձեռը մեկնեց նրան։

Դիմաքսյանը շփոթված սեղմեց այդ ձեռը, հարցնելով տիկնոջ առողջությունը։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց Գայանեն,— բայց ինչո՞ւ դուք մեզանից բոլորովին երես դարձրիք. այդ լավ բան չէ...

Այս անկեղծ հանդիմանությունը կատաղի հակառակորդի կնոջ կողմից անսպասելի էր Դիմաքսյանի համար։ Մինչ նա մտածում էր ինչ պատասխանել, չկարողանալով ակնարկել փոխադարձ սառնության բուն պատճառը, Գայանեն պարզությամբ ասաց, թե ինքը ամեն ինչ գիտե։

— Ձեր կռիվը իմ ամուսնու հետ է, իսկ ես չեզոք մարդ եմ։

Նրա ձայնը այնքան մեղմ և անկեղծ էր, նրա հայացքը այնքան պարզ և բարեհամբույր էր, որ Դիմաքսյանը ակամա մոռացավ յուր ատելությունը։ Այդ կապուտակ աչքերը զարթեցրին նրա մեջ անցյալի հիշատակները, և դարձյալ նրա սիրտը սկսեց բաբախել։ Բայց ինչ՞ու հուզվել։ Չէ՞ որ Գայանեն այժմ ուրիշին է պատկանում և այն էլ նրա հակառակորդին։ Պետք է