հաստատամիտ լինել, սառնություն ցույց տալ այդ կնոջ, որ այնպես արհամարհեց նրան։
Այսպես դատում էր Դիմաքսյանի խելքը։ Այնինչ՝ նա չէր զգում, թե ինչպես անցավ կես ժամ, մի ժամ, և դեռ խոսում էր նրա հետ։
Գայանեն էր խոսակցությունը երկարացնողը։ Եվ խոսում էր նա այնպիսի նյութերի մասին, որ ակամա շարժում էին Դիմաքսյանի հետաքրքրությունը։ Միայն մի բանից էր խույս տալիս Դիմաքսյանը — տիկնոջ ամուսնու հետ ունեցած ընդհարումներից։ Անցյալի վերաբերյալ նա նույնն էր, ինչ որ առաջ — շուտ ոգևորվող, պարզ, անշեղ և երբեմն խստադատ։
Նա մազու չափ չի փոխվել, նրա հայացքները նույնն են, կյանքը նրան չէ աղավաղել. այդ պարզ է Գայանեի համար։
Նրանք կանգնած էին դահլիճի դռներից ոչ հեռու, պատի տակ։ Գայանեն երբեմն նայում էր պարողների կողմը։ Նրա աչքերը ակամա որոնում էին ամուսնուն և չէին գտնում։ Նա մի քայլ առաջ գնաց և մոտեցավ պարողներին։ Դիմաքսյանը հետևեց նրան։ Վերջապես, ահա նա... Տիկին Բախտամյանի հետ թև թևի տված՝ դուրս է դալիս դահլիճից։ Երևի շատ պարելուց հոգնել են, և տիկինը կամենում է սեղանատանը մի սառը բանով զովացնել յուր ծարավը։
— Այստեղ սաստիկ տոթ է, անցնենք մյուս դահլիճը,— ասաց Գայանեն, ներքին խռովությունից շրթունքները ատամների տակ սեղմելով։
Դիմաքսյանը հետևեց նրան ծանր քայլերով։ Նա չտեսավ Բարաթյանին։ Նա այլևս ոչինչ չէր տեսնում, չէր նկատում, չէր լսում, բացի Գայանեից և նրա մեղմ, հոգնած ձայնից։ Ո՛րքան փոխվել էր երիտասարդ տիկինը նրա աչքում, ո՜րքան գունատ էր, նիհար, այո՛, մինչև անգամ տգեղացած։ Միթե ընտանեկան հոգսե՞րն են այդպես ազդել նրա վրա...
Կար ժամանակ, երբ Գայանեն այդ մարդուց քաշվում էր, մինչև անգամ վախենում էր դեմառդեմ խոսել, և ինքն էլ չգիտեր ինչու։ Այժմ չքացել էր այդ երկյուղը։ Այժմ նա խոսում էր ազատ, համարձակ։ Հաճելի էր նրա համար