Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այցելությունները, և որբացած որդին ժամանակ ունեցավ հետաքրքրվելու հոր գործերով:

Հանգուցյալը կտակ չէր թողել։

Նա մինչև հետին շունչը չէր հավատացել մահվանը և մինչև անգամ կռվել էր նրա մասին խոսողների հետ:

Աղջկերանց հետ նա տեսակցության էր ունեցել մեռնելու նախընթաց օրը։ Ոչ մի խոսք չէր ասել նրանց յուր կարողության մասին։ Մեռնելուց մի ժամ առաջ հիշել էր Արսենին, մեղադրելով նրան, թե մոռացել է ծերունի հորը։ Նույն ժամին նա վռնդել էր բժշկին, բարկանալով, որ նրա դեղերը չեն ազդում։ Հոգևարքի ժամանակ կռվել էր մահվան դեմ, հայհոյել էր նրան ամեն տեսակ խոսքերով։ Քահանան կանչվել էր վերջին րոպեին, սուրբ հաղորդությունը գդալով էին ածել հանգուցյալի կոկորդը։

Այս բոլորը արտասուքն աչքերին պատմեց նրա ավագ քույրը, կրկնելով...

«Համառ մարդ էր, համառ էլ մեռավ»։

Երկու շաբաթվա ընթացքում Դիմաքսյանի համար պարզվեց գործերի դրությունը։ Երկաթյա սնդուկի մեջ, բացի հին մուրհակներից և մի քանի կապ պայմանագրերից, նա ոչինչ չգտավ։ Պարզ էր, որ հավատարիմ Սարիբեկի խոնավ ձեռը այնտեղ էլ մտել էր։ Իսկ թե հանգուցյալը զուտ փող ունեցել էր, այդ երևաց նրա մի փոքրիկ ձեռատետրից, որ կառավարիչը մոռացել էր թաքցնել։ Այնտեղ նշանակված էին ոճրացած եկամուտները և ծախսերը։

Անհետացել էին և այն բոլոր ոսկեղեններն ու ակնեղենները, որ մի ժամանակ Արսենի մոր զարդերն էին կազմում և որոնց ծերունին խնամքով պահում էր ինչպես մի սրբություն։

Կողոպուտը հաստատելու և հանցավորին պատմելու համար պետք էր դիմել դատաստանին։ Տեղական փաստաբաններից մեկն առաջարկեց յուր ծառայությունը։ Դիմաքսյանը մերժեց։ Նա զզվում էր դատաստանական գործերից և չէր ուզում ժամանակը զոհել անվերջ վեճերի։ Բացի դրանից, նա խնայում էր Սարիբեկի ութ հոգուց բաղկացած ընտանիքին։ Նա անմիջապես վռնդեց կողոպտչին, փորձեց ինքն անձամբ