Շտապել հարկավոր չէ,— ընդհատեց Մարիամը, յուր սրտի դառն գաղտնիքը հայտնելուց հետո փոքր֊ինչ հանդարտված,— այսքան ժամանակ համբերել եմ, էլի կհամբերեմ։ Սպասիր հարմար առիթի և մի օր անկեղծաբար խոսիր մեր հորեղբոր հետ: Ես չեմ ուզում, որ մենք… ձրիակերի անուն ստանանք… Համբերիր, մի' ստիպիլ ինձ ավելի խոսել առայժմ։ Ինչ որ ասացի, բավական է, մնացյալը հետո…
Այս ասելով, Մարիամը վեր կացավ տեղից և հանդարտ դուրս եկավ եղբոր սենյակից։
Ռուբենը ոչինչ չասաց և ոչ խնդրեց քրոջը չգնալ։ Երկար ժամանակ նա խորհում էր քրոջ ասածների մասին։
Երբ ծառան սովորական ժամին ներս մտավ, տիկին Սոփիոյի կողմից հրավիրեց ընթրիքի, նա ձեռով բացասական նշան արավ…
IV
Օրը կիրակի էր։ Օրիորդ Նատալիան սեփական կառքով դուրս եկավ զբոսնելու։ Անհարմար համարելով միայնակ զբոսնելը, մայրը ստիպեց նրան Լիզային և Գաբոյին էլ հետը նստեցնել։ Մարիամը և Ռուբենը նույնպես տանը չէին։
Տիկին Սոփիոն զբաղված էր տնային գործերով։ Այդ օրը նրանց տանը պիտի ճաշեին Հալաբյանը և իշխան Սահարունին։
Նիկողայոսը յուր առանձնասենյակում միայնակ նստած, ակնոցը աչքին դրած, քրքրում էր ինչ-որ թղթեր, կարդում էր, գրում և երբեմն համարակալի վրա հաշիվներ անում։ Նկատելի էր, որ վերջին օրերը նա սաստիկ զբաղված է, սովորականից ավելի երկար էր մնում առանձնասենյակում։ Ամեն օր նոր-նոր մարդիկ են գալիս նրա մոտ, խոսում, վիճում են ցածր ձայնով։ Գալիս են շուտ-շուտ և' նրա գործակատարները։ Նիկողայոսը նրանց հետ վարվում է կոպտաբար, գոռում է, հանդիմանում և վրդովված ճանապարհ դնում։
Նա պարապում էր կապալներով և Թիֆլիսի առևտրական շրջաններում հռչակված էր իբրև հաջողակ, եռանդուն, օրինակելի «գործավար»։ Եվ այս հռչակը հարստության հետ նա վաստակել էր վերջին տասնուհինգ տարվա միջոցում միայն: