Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կար ժամանակ, որ նա մի հասարակ մահդավաճառ էր, քաղաքի մի կենտրոնական քարվանսարայում, յուր մեծ եղբոր հետ, պահում էր մի փոքրիկ խանութ։ Գևորգը — Մարիամի և Ռուրենի հայրը— կառավարում էր խանութը։ Նիկողայոսը, ավելի երիտասարդ, լեզվանի և աչքաբաց լինելով, կատարում էր դրսի գործերը, գնում էր Ռուսաստան, հարաբերություններ էր պահում օտար գործարանատերերի հետ և այլն։

Մի օր Նիկողայոսը կանգնեց, թե ուզում է խանութը փակել և ուրիշ գործերի ձեռնարկել։ Գևորգը առևտրի մեջ երկչոտ մարդ էր, ամեն մի նոր բան նրան կասկած էր պատճառում։ Բայց նա մեծ հավատ ուներ դեպի Նիկողայոսի առևտրական հանճարը։ Թույլ տվեց նրան գնալ յուր ընտրած նոր ճանապարհով։ Իսկ ինքը, խանութը մի քանի տարի միայնակ կառավարելուց հետո, փակեց, յուր մասը զուտ փողով վերցրեց և հեռացավ։

Բախտը հաջողվեց Նիկողայոսին նոր ասպարեզում։ Առաջին մի քանի տարվա ընթացքում նա կրկնապատկեց յուր դրամագլուխը։ Հետո վրա հասավ արևելյան պատերազմը և նրա եռանդի համար մի նոր ասպարեզ բաց արավ։ Նա ընդարձակեց յուր գործերը։ Իսկ Գևորգը յուր փողերը պետական թղթերի վերածեց, նրանց տոկոսով սկսեց խաղաղ ու համեստ կյանք վարել, կնոջ մահից հետո փափագ չունենալով պարապել որևէ բարդ գործով։

Երկու եղբոր հարաբերությունները բարեկամական էին, թեև ընտանիքներն ապրում էին առանձին։ Մի օր, միասին ճաշելուց հետո, Նիկողայոսը, հոգեկան ուրախ տրամադրության միջոցին, խոսում էր յուր գործերի մասին: Հանկարծ նա դարձավ Գևորգին և հարցրեց.

— Որքա՞ն տոկոս ես ստանում փողերիցդ։

— Հարյուրին հինգ,— պատասխանեց Գևորգը։

— Հենց ա՞յդ,— գոչեց Նիկողայոսն անկեղծ զարմացած։ — Հարյուրին տասը կտամ, կուզե՞ս,— ավելացրեց նա անփույթ կերպով։

Գևորգին հրապուրեց այդ առաջարկը, մանավանդ որ նա յուր եղբոր ազնվության մասին կասկած չուներ։ Հենց նոր