Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քառասուն հազար ռուբլու տոկոսաբեր թղթերն անցել էին Նիկողայոսի ձեռքը, երբ Գևորգը հիվանդացավ, տասն օրից հետո մեռավ թոքերի բորբոքումից։ Փոխառության վերաբերմամբ քանի մի պաշտոնական ձևեր անկատար մնացին, և մեծ եղբոր փողերը կրտսեր եղբոր մոտ մնացին առանց գրավոր ապացույցների։

Նիկողայոսը հանգուցյալի որբերին բնակեցրեց յուր տանը։

Հենց այդ ժամանակ նա, յուր կնոջ թախանձանքով, մի նորաշեն տուն գնեց քաղաքի կենտրոնում։ Լինելով գործնական, հաշվագետ մարդ, նա անշարժ կալվածները «մեռած դրամագլուխ» էր համարում։ Բայց Սոփիոն վաղուց ցանկանում էր անպատճառ յուր սեփական տանն ապրել։ Նա լսել անգամ չէր ուզում, թե ամուսինը Խարափուխի հետ ընկած մի փողոցում կիսախարխուլ մի տուն ունի հորից ժառանգած։

Եվ այս Սոփիոյի առաջին պահանջը չէր միայն, որ կատարեց Նիկողայոսը։ Նա սիրում էր կնոջը յուրովի, համարում էր նրան ժամանակակից կին, որ գիտե մարդկանց առաջ պարզերես անել մարդու անունը։ Պակաս չէր նպաստում այդ սիրույն և այն հանգամանքը, որ Սոփիոն իշխան Սահարունիների տոհմիցն էր, այն է՝ Սրապիոն Սահարունիի հարազատ քույրը։

Նա ազատություն էր տվել Սոփիոյին տան համար անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ Սոփիոն գիտեր յուր անելիքը, մանավանդ աղջկա վերաբերմամբ: Ոչինչ նա չխնայեց Նատալիայի համար, բացի մի բանից. նա ատում էր «գուվերնանտկաներին», ուստի վճռել էր չվարձել։

— Այդ փքված հնդուհավերը,— ասում էր նա,— գալիս են, մարդու տանը տիրանում են ու…

Բայց և այնպես նա թշնամիներին տրաքացնելու համար վարձեց մի պառավ ֆրանսուհի, մի տարի պահեց, հետո արձակեց։ Եվ արձակեց կռվով, որովհետև օտարուհին հանդգնել էր Սադափյանների տան հարուստ կահ-կարասին անճաշակ համարել։

Վերջին տարիները Նիկողայոսն ընտանեկան ծախսերի վերաբերմամբ փոքր առ փոքր ժլատանում էր։ Երբ Սոփիոն