շողոքորթների և հացկատակների երամը, — այդ ջահել հասակում, ափսոս, ափսոս ձեր գեղեցկությունը։
Բայց տիկինը ոչ ոքի չէր կարող խաբել, մանավանդ Վեքիլյանին, որ նույնպես մշտական հյուրերի թվումն էր։ Երդվյալ փաստաբանը օտարներից ուշ իմացավ յուր ազգականի թշվառության բուն պատճառը։ Սկզբում նա անչափ վրդովվեց յուր ընկերոջ դեմ։
«Ի՜նչ ապերախտություն,— ասում էր նա մտքում,— ինչո՞ւ այդպես անմարդավարի և անարժան կերպով վարձատրեց այն հյուրասիրությունը, որին ես արժանացրի նրան Բախտամյանների ընտանիքում...»։
Բայց անցավ առաջին վրդովմունքը, նա, ավելի սառն մտածելով, գտավ ծանր հանցանքի «արդարացուցիչ պատճառները», ինչպես սովոր էր գտնել բոլոր յուր պաշտպանած հանցավորների համար։ Երկուսն էլ երիտասարդ էին, մոլորվեցին։ Մեղքը ծերունունն է, որ ամուսնացավ իրենից երկու ու կես անգամ երիտասարդ կնոջ հետ։ Չպիտի անեին, բայց արեցին, է՛հ, խաբվեցին։ Այսպես էր դատում Վեքիլյանը, և դա մի առիթ էր, որպեսզի ինքը ստիպված չլինի ասպարեզ դուրս գալ ինչպես արյունակցական պատվի վրեժխնդիր ազգական։ Նա չէր ուզում թշնամանալ այն մարդու հետ, որի գործակիցն էր շատ բաներում, որից ակնածում էր և որը միշտ նրան հարկավոր էր։ Վերջապես, նա խոհեմություն էր համարում լռելը, քան աղմուկ հանելը։
Յուր զգույշ, խոհեմ և հեռատես վարմունքի շնորհով նա բավական շահել էր Պյոտր Մոլոմոնիչի սիրտը։ Ծերունին ոչ միայն անտրտունջ ընդունում էր նրան, այլև զգում էր նրա կարևորությունը։ Նա վճռել էր գործերը կարգի բերել, նրան հարկավոր էր մի հավատարմատար, ուրիշ ո՞վ կարող էր ավելի օգտավետ լինել այս բանում, եթե ոչ Վեքիլյանը։ Իրավաբանը լիազորություն ստացավ ծերունու կալվածները կառավարելու և առհասարակ նրա բոլոր գործերին հետամուտ լինելու։
Օր օրի վրա Պյոտր Սոլոմոնիչի հիվանդությունը վատ ընթացք էր ստանում։ Նա միանգամայն կերպարանափոխվել էր։ Նրա նիհար դեմքի կաշին սևացել էր, աչքերը պլշել էին։