Նախկին կատաղության նշույլն անգամ չէր մնացել, գոնե այսպես էր երևում արտաքուստ։ Այժմ նա մի թույլ, անզգա, խղճալի մարմին էր, օրը մինչև երեկո տարածված թախտի վրա։ Կնոջը նա արտաքուստ վերաբերվում էր շատ անտարբեր։ Կարծես, մոռացել էր նրա պատճառով կրած յուր անհուն տառապանքները։ Միայն երբեմն հետևից գաղտուկ նայում էր նրա գեղեցիկ հասակին, սպիտակ պարանոցին և գլուխը տրտմությամբ շարժում։
Մի օր նա Վեքիլյանին կանչեց յուր մոտ, դռները կողպել տվեց և մնաց նրա հետ։
Երկար ժամանակ մյուս սենյակում տիկին Բախտամյանը անհամբեր սպասում էր յուր ազգական փաստաբանի դուրս գալուն։ Նրա սրտում ծագել էր մի կասկած։ Ստեպ-ստեպ նա ոտների ծայրերի վրա զգույշ քայլերով մոտենում էր կողպած դռներին, կռանում և նայում դեպի ներս։ Բայց բանալին խանգարում էր, և նա չգիտեր ինչ է կատարվում ներսում:
Նա առհասարակ մեծ հավատ չուներ դեպի Վեքիլյանը։ Նա վախենում էր՝ մի գուցե փաստաբանը ծերունու դաշնակիցը դառնա և, ով գիտե, ինչեր անեն միասին։
Վերջապես շշնջյունները ընդհատվեցին, տիկինը լսեց Վեքիլյանի քայլերի ձայնը։ Նա հեռացավ դռնից, որ յուր լրտեսությունը չնկատվի։ Վեքիլյանը շտապով դուրս եկավ և, առանց տիկնոջ կողմը նայելու, անցավ ու հեռացավ։ Աննան անմիջապես մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը։ Խալաթը հագին, թախտի վրա երեսն ի վեր տարածված, հիվանդը նայում էր առաստաղին՝ մտածմունքի մեջ։ Նա յուր առողջ ձեռում բռնած էր մի թերթ գրոտած թուղթ, որը շտապեց թաքցնել բարձի տակ։
— Ի՞նչպես ես այժմ.— հարցրեց տիկինը, ներքին խռովությունից շրթունքները կրծելով և նայելով ծերունու ձեռքին։
— Հը՞մ, — մրմնջաց հիվանդը անորոշաբար:
— Լա՞վ ես։
— Շշաա՜ատ, — պատասխանեց հիվանդը դանդաղ և թլված լեզվով։
Արդարև, կարծես, նա կենդանություն էր ստացել։ Նրա