ազդեցությունը» գովաբանված էր ճարտասանական ծաղկազարդ ոճով:
«Կան մարդիկ,— ասված էր այդ հոդվածում,— իրանց հարազատ հորը գերեզման են ուղարկում վատ վարվողությամբ, որ նրանց փողերը վատնեն իրանց խղճալի անձի վրա: Այդպիսիներից պետք է զզվանքով երես դարձնել: Բայց կան այնպիսի բուն ազգասեր երիտասարդներ, որ ամեն մի մեռնող ազգականի մոտ դառն վշտերի մեջ էլ իրանց եկեղեցու ու ազգի կարիքն են հոգում: Փառք և պատի՛վ այդպիսիներին...»։
Կային և՛ այնպիսի մարդիկ, որ միմյանց ականջին շշնջում էին այն փոքրիկ գումարի մասին, որ «բուն ազգասերները» շպրտել էին պանեգիրիստ խմբագրին։ — Մի չնչին մասն այն հազարներից, որ կտակակատարները «արտաքո կտակի» կորզել էին հանգուցյալից։
Գայանեն յուր քեռիի տանը մնաց հինգ օր, ամեն կերպ աշխատելով երես առ երես չհանդիպել տիկին Բախտամյանին։ Հանգուցյալի թաղումից հետո երեկոյան դարձյալ Օվսաննայի հետ երկար խորհրդակցություն ունեցավ քեռիի սենյակում։ Այնտեղ էր նաև օրիորդ Կարինյանը։
Հետևյալ օրը առավոտյան Օվսաննան մտավ Աննայի սենյակը, ուր այրիացած տիկինը փակված էր ամբողջ օրը: Նա երկու խոսքով հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչի մահից հետո ինքը այլևս չի կարող ապրել նրա տանը։
Օրիորդի այս անսպասելի վճիռը տիկին Բախտամյանը վերագրեց Գայանեի ազդեցությանը։ Պյոտր Սոլոմոնիչի կտակում մանրամասն բացատրված էր Օվսաննայի հայրական ժառանգության գործը։ Այն անշարժ կալվածքը, որ պատկանում էր նրան և Գայանեին, կես մասով հատկացրած էր օրիորդին, որ պետք է տիրեր նրան երկու ու կես տարուց ետ։
— Ինչպես ուզում եք, այնպես արեք,— արտասանեց տիկին Բախտամյանը սաստիկ վրդովված։
Նա իսկապես հոգով ուրախ էր Օվսաննայի հեռանալուն, բայց վրդովվեց, որովհետև օրիորդի նյութական անկախ դրությունը նրա նախանձը շարժեց։ Մի արհամարհական հայացքով չափելով օրիորդին ոտից մինչև գլուխ, ավելացրեց.