Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուամենայնիվ նա դարձյալ զգում էր յուր հակառակորդի բարոյական ուժերի գերազանցությունը։ Մասնավոր շրջաններում, երբ Դիմաքսյանի մասին խոսք էր բացվում, աշխատում էր խույս տալ խոսակցությունից։ Նա չէր ասում, թե Դիմաքսյանը «խելագար է», «ցնորված է», կամ նույնիսկ «աննորմալ» ածականը այլևս չէր տալիս նրան։ Նա միայն լռում էր, թողնելով, որ Վեքիլյանը ապացուցանե տարածված լուրի ճշտությունը։ Նրա միտքն այժմ մեծ մասամբ կլանված էր յուր նյութական վիճակով։ Բարոյականի մասին նա շատ էլ չէր մտատանջվում։ Նա համոզված էր, որ եթե մարդիկ այսօր փոքր-ինչ ծուռ աչքով են նայում յուր վրա, վաղը կմոռանան ամեն ինչ, նորից կբարեկամանան, մինչև անգամ կխոնարհվեն նրա առջև։ Հարկավոր է միայն նյութական դիրքից չզրկվել, հարկավոր է արտաքին ջուրը միշտ բարձր պահել և օր օրի վրա ավելացնել այդ շուքը։

Այնինչ՝ նյութականի կողմից էլ նրա գործերը աննախանձելի էին։ Այն առևտրական ընկերությանը, որի բաժնետերերից մեկն էր, մեծ վնասներ էր ունեցել։ Կորուստը նրա գրպանի համար զգալի էր։ Երկու տարի էր արդեն նա գրավ էր դրել կնոջ կալվածը, և սրա եկամուտի մեծ մասը գնում էր պարտքի զեղչելուն և տոկոսներին։ Հորից ստացած թոշակը նա ոչինչ բան էր համարում։

Միակ նրա հույսը յուր ժառանգության վրա էր։ Իսկ Գերասիմ Գերասիմիչը դեռ կտակը չէր կազմել, և նրա վերջին կամքը շատ անհանգստացնում էր որդուն։ «Ով գիտե, այդ խենթ ծերունին ինչ կարող է վճռել», ասում էր նա մտքում։

Մի առավոտ նա մտավ անդամալույծի սենյակը և պատմեց Գայանեից ստացած նամակի բովանդակությունը, հարկավ, թաքցնելով Պյոտր Սոլոմոնիչին վերաբերվող կետը։ Գերասիմ Գերասիմիչը խորհրդավոր ժպտաց, լսելով յուր հարսի դրական մերժումը ամուսնական հարկի տակ վերադառնալու մասին։

— Դաա՞,— ասաց նա,— ժամանակները փոխվել են։ Իմ կնիկը մինչև մահ դիմացավ ինձ, իսկ քո կնիկը քեզ չդիմացավ, գնա՛ց։ Րազումե՜յետցա, կանայք մարդ չեն, ի՞նչ է, նրանք ապրել չե՞ն ուզում…