Նա հետաքրքրվեց երեխաների հարցով։ Բարաթյանը հայտնեց նրան յուր վերջնական միտքը. ինչպես վճռված է, երեխաները նրա մոտ պետք է մնան։ Հակառակ սպասվածին, ծերունին հանկարծ վրդովվեց այդ վճռի դեմ։ Որդին զարմացած նայեց նրա երեսին. չէ՞ որ մի քանի օր առաջ Գերասիմ Գերասիմիչը ինքն էր ասում, թե երեխաները հորն են պատկանում։
— Մի ոտս գերեզմանի մեջ է,— բացատրեց ծերունին անսովոր հուզմունքով,— ուզում եմ կյանքիս վերջին օրերին մի քիչ էլ խղճմտանքիս ձայնին լսել։ Իսակ, կնիկդ խեղճ է, դասս, պրիզնայո՛ւս, շատ խեղճ է։ Ես մինչև հիմա չէի մտածել այս մասին, հիմա տեսնում եմ, որ մենք բարբարոս ենք, դասս, դեսպոտի մըի, բատյուշկա, վա՛րվարի:
Նա սկսեց պարզել յուր հանկարծակի փոփոխության պատճառը։ Հայտնեց, որ անցյալ գիշեր նա երազում տեսել է յուր կնոջը, Իսակի հանգուցյալ մորը։
— Լղար։ տո՛չնո սկելետ, նա կանգնած էր հեռվում, ինձ նշան արեց, մոտեցա։ Նա մտիկ տվեց երեսիս, տակիմ ստրա՛շնիմ վզգլյա՛դոմ, տեր աստված, տեր աստված, ես սարսափեցի։ Նա ասաց «Գերասիմ, Գերասիմ, դու խղճմտանք չունես, աստված քեզ ներքևում պատմեց, վերևումն էլ կպատմի, խելքի եկ»։ «Ի՞նչ է», հարցրի ես։ Նա ձեռով ցույց տվեց մի կողմ և պատասխանեց. «Տես»։ Ես մտիկ արեցի, և ինչ տեսա, ժո՜ւտկո, ժո՛ւտկո… Իսակ, դու մի երկար երեսսրբիչ ձեռումդ ոլորած՝ Գայանեին խեղդում էիր։ Երեխաներդ իրանց խեղճ մոր փեշը բռնած գոռում էին, այնպե'ս գոռում, որ ես դողում էի։ Դու ուզում էիր նրանց բաժանել իրանց մորից և կնոջդ սպանել։ «Ազատի՛ր, ազատի՛ր», ասում էր մայրդ, յուր խեղճ հարսին ցույց տալով։ Այս ձայնից սարսափած զարթնեցի։ Ի՞նչ է դա, տեր աստված, ի՞նչ է, ասում էի ինքս ինձ։ Ամբողջ գիշեր «հայր մեր» ասելով եմ անցկացրել, քունը փախել էր աչքերիցս։ Եթե դու եկած չլինեիր, պետք է ես ինքս քեզ կանչեի, որ իմ միտքը հայտնեմ։ Լսի'ր, Իսակ, լսի՛ր, կնիկդ չէ ուզում քեզ հետ հաշտվել, շտոժ, լավ է անում, շատ լավ է անում։ Դու ինքդ էլ ուրախ ես, օօօ' պո գլա՛զամ վի'ժու, ուրախ ես, եշչո'-բի, այժմ չէ՞ որ ազատ ես,