հանդիմանող չկա… Բայց ասում եմ քեզ, խնայի՛ր նրան, տուր երեխաներին նրան, նա քեզանից լավ կկրթի նրանց: Նա խելոք է, բարոյական է։ Դա, բրատ, օնա վըսյոկո նրա՛վստվեննայա ժե՛նշչինա…
Այս անսպասելի փոփոխությունը սառ ջրի ազդեցություն ունեցավ Բարաթյանի վրա։ Նա սկսեց մեղադրել յուր կնոջը և պաշտպանել իրան։ Նա առաջ բերեց այն պատճառները, որոնց հիման վրա չէր ուզում երեխաներին տալ իրանց մորը։ Բայց չօգնեց։ Ծերունին զարմանալի համառությամբ պաշտպանում էր յուր հարսին, որդուն անվանելով «անբարոյական, շռայլ, կնոջ փողերով մարդ դարձած»։ Իսկ երբ որդին շարունակեց հակառակել, ծերունին կատաղեց, փրփրաց և քիչ էր մնում խեղդվի։ Նա բղավեց խռպոտ ձայնով և կապտեց լեղակի պես։ Որդին վախեցավ. նա կարծում էր, որ հայրը մեռնում է առանց հաղորդվելու, առանց յուր վերջին կամքը արտահայտելու։ Բայց մի փոքր անցած՝ ծերունին նորից ուշքի եկավ և արտասանեց.
— Տեսնո՞ւմ ես, մեռնում եմ…
Որդին նստեց նրա մոտ, աշխատելով հանգստացնել նրան։ Անդամալույծը լայն բաց արեց կիսախուփ աչքերը և սուր հայացքով նայեց նրա եիեսին։
— Օ՜օ, քո աչքերի մեջ կարդում եմ փուչ երիտասարդությանս բոլոր մեղքերը… Ո՛չ, ո՛չ, կամ պետք է կատարես իմ կամքը, կամ թե չէ ես քեզ զրկում եմ ժառանգությունից… Ես չեմ ուզում այն կյանքումն էլ տանջվել, երազս ինձ սարսափեցնում է…
Բարաթյանը ժամանակ խնդրեց հորից նրա պահանջի մասին մտածելու և հեռացավ յուր սենյակը։ Հարցը, արդարև, դժվար լուծելի էր: Ինչպե՞ս վճռել նրան։ Մի՞թե արհամարհել ծերունու սպառնալիքը, խաբե՞լ նրան, խոսք տալ երեխաներին իրանց մորը հանձնելու և հետո չկատարե՞լ։ Այստեղ նրա խիղճը սկսեց բողոքել. ի՞նչ ծայրահեղ ստորություն. խաբել հարազատ հորը գերեզմանի ծայրին հասած։ Ավելի լավ չէ ուղղակի մերժել նրա պահանջը։ Բայց ի՞նչ, միթե ժառանգությունից զրկվե՞լ: Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով: Ա՛հ, թուլություն, ա՛հ, հիմարություն։ «Ի՞նչ եմ ուզում ես ապացուցանել