Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի կարող անել, վտանգավոր է, փոխանակ շահելու, կարող է կորցնել…

Նա կամացուկ վեր կացավ տեղից և ձեռը հանդարտ մեկնեց տանտիրուհուն, որը յուր կապտած շրթունքները ամուր սեղմելով, նայեց նրա երեսին և նույնպես ոտքի կանգնեց։ Այլևս այրին կասկած չուներ, որ Բարաթյանը բոլորովին սառել է դեպի նա և անկարելի է նրա մեջ գրգռել նախկին զգացումը։ Վայրկենաբար նրա մեջ բորբոքվեց մի ցանկություն — փաթաթվել այդ մարդու պարանոցին և խեղդել նրան յուր տարփալից գրկի մեջ։ Բայց պաղսիրտ սիրականի անտարբեր հայացքը բևեռեց նրան տեղն ու տեղը։ Նա կատաղությունից ճանկռտեց յուր երեսը, տեսնելով այդ հայացքի մեջ մի պարզ զզվանք, որ ծայրահեղ հանդգնության և անխղճության էր հասնում։ Նա չգիտեր ինչ աներ, ինչպես պատմեր այդ մարդուն, որպեսզի սա հավիտյան հիշե այդ պատիժը և հավիտյան տանջվի։

Բարաթյանը նույն սառնությունը երեսին գլուխ տվեց, վերցրեց վերարկուն և դիմեց դեպի դռները։ Ա՛ա, ուրեմն ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն, ոչ մի իրողություն։ Նա գնո՞ւմ է, և երբեք չպի՞տի վերադառնա։ Այրին մի քանի քայլ արեց նրա հետևից և հանկարծ կանգ առավ, մտածեց, նորից առաջ գնաց։ Նա վազեց մյուս սենյակ և, Բարաթյանի ճանապարհը կտրելով, գոչեց.

— Կա՛ց…

Այն վայրկյանին, երբ Բարաթյանը նայեց այրիի այլայլված դեմքին, կիսախավար սենյակի լռության մեջ լսվեց մի ամուր ապտակի ձայն։

— Այժմ կորի՛ր…

Բարաթյանը ոչ մի խոսք չարտասանեց, ոչ մի ձայն չհանեց։ Միայն բնազդմամբ նայեց շուրջը և գդակը հագնելով շտապեց դեպի դուրս։ Ընդարձակ մարմարյա սանդուղքի վրա նրա արյունը խփեց գլխին, երբ յուր աջ այտի վրա զգաց մի տաքություն։ Մի՞թե նա այնքան ընկավ, ստորացավ… Վերադառնա՞լ արդյոք, պատժի փոխարենը հատուցանե՞լ։ Բայց ո՞ւմ։ Մի հուսախափված, մի անբախտ կնոջ, որ կրքերից կուրացած ինքն էլ չիմացավ ինչ արեց: Ոչ, չպիտի