Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Երևի, դու ուզում ես, որ ամենքն էլ գան և քեզ նման գյուղատնտեսությամբ պարապվեն, չէ՞։

— Թեկուզ հենց այդ լինի իմ ցանկությունը, չե՞ս համակրում։

— Համակրում եմ, բայց, ասա խնդրեմ, ի՞նչ օգուտ ունեն գյուղացին երբ դիցուք հենց քո այժմյան գործունեությունից։

— Ես այդ մասին չէի կամենալ խոսել գոնե այժմ,— պատասխանեց Հաբիգյանը սառը կերպով,— բայց քանի հարցնում ես, կբացատրեմ…


XVI


Նրանք նստած էին Մարգար աղայի սենյակում առանձին։ Դիմաքսյանը փափագում էր ուսումնասիրել յուր ընկերոջ ներքին աշխարհը, թափանցել նրա սիրտը և տեսնել կա՞ արդյոք այնտեղ մի բարձր գաղափար։ Ահա ինչու նա խորին հետաքրքրությամբ, աչքերը Հաբիգյանի երեսին, սպասում էր նրա բացատրությանը։

— Գիտե՛ս ինչ,— սկսեց Հաբիգյանը հանդարտ ձայնով,— ես առհասարակ այն մտքի դեմ եմ, թե իբր հասարակական գործիչը պետք է լինի անսահման անձնվեր, անշահասեր։ Լավ է, որ այդպես լինի, բայց դա մի գեղեցիկ և անիրագործելի երազ է։ Աշխարհիս երեսին, իմ կարծիքով, չկա ոչ անպայման անձնվիրություն, ոչ առասպելական անշահասիրություն։ Եվ եթե կա, դա միայն հազվագյուտ ընտրյալների հատկություններն են, ընտրյալներ, որոնք երկար դարերի ծնունդ են։ Մարդիկ սովորաբար ուրիշների օգտի համար գործում են երկու շարժառիթներից դրդված — բարոյական և նյութական։ Բարոյականը — փառասիրությունն է, եթե չասենք փառամոլությունը, նյութականը — շահասիրությունն է, եթե չասենք շահամոլությունը։ Երկու դեպքում էլ չկա և չի կարող լինել անպայման ինքնամոռացություն։

— Փառասիրությունից դրդված ուրիշների համար գործելը,— նկատեց Դիմաքսյանը,— ինձ համար դեռ հասկանալի է, բայց ի՛նչ ասել է շահասիրությունից գործել, այդ ինձ համար անհասկանալի է։