Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կպարզեմ որքան կարող եմ։ Ես աշխատում եմ քեզ հարստացնել, որովհետև ինքս էլ օգուտ ունիմ քո հարստանալուց։ Գուցե, եթե դու ինձ մի հայտնի տոկոս չտայիր քո եկամուտներից, եթե ծառայեի մի որոշ ռոճիկով — ավելի պակաս եռանդով վերաբերվեի քո գործերին կամ ուղղակի անտարբեր լինեի։ Բայց այժմ ես քո գործը իմն եմ համարում։ Ահա այստեղ իմ նյութական շահը իմ եռանդի առաջին ստիմուլն է։

— Ընդունենք, որ այդպես է. օրինակը պարզ է, բայց ոչ այնքան հաջող։ Դու կապեցիր միմյանց հետ քո և իմ շահերը, բայց մենք երկու անհատներ ենք, և դու ծառայելով իմ գործերին, չես կարող ասել, թե ծառայում ես հասարակությանը։

— Թող աստված հեռու պահի ինձ այն մտքից, որ երբևիցե ինձ հասարակական գործիչ համարեմ։ Ոչ, ես այդ չէի ուզում ասել։ Բայց կարծում եմ, որ աշխատելով խելացի կերպով շահագործել քո կալվածները, դրանով այսպես թե այնպես հարստացնում եմ երկրի ընդհանուր արդյունաբերությունը։

— Օրինա՞կ։

— Օրինակ, իմ և քո շահերը պահանջում են մի գյուղից մյուս գյուղ ճանապարհ շինել, մենք շինել ենք տալիս, և նրանով հեշտացնում ենք բոլոր գյուղացիների համար հաղորդակցության միջոցները։ Մեր անձնական շահերը պահանջում են մի շոգեշարժ աղորիք ունենալ — մենք շինում ենք, և դրանով միջոց ենք տալիս գյուղացիներին կարճ ժամանակում և էժան գնով իրանց ցորենը աղալ։ Մենք ժամանակակից եղանակով մշակում ենք մեր հողերը, մեզանից օրինակ են առնում մեր դրացիները։ Այս դեպքում մենք դառնում ենք մի տեսակ ուսուցիչ, քաղաքակրթություն տարածող գործոններ։

Մի վայրկյան նա լռեց, մի ծխախոտ վառեց և ապա շարունակեց նույն սառնասրտությամբ և դրական ոճով։

— Ես քեզ ցույց տվեցի հողեր, որոնք ջրի պակասությունից չեն մշակվում կամ մշակվում են շատ անհաջող։ Եթե մեր ծախսով այդ հողերով մի առու անցկացնենք, նախ,