Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մենք ինքներս կունենանք մեծ շահ, երկրորդ, գյուղացիները մեզ կհամարեն հազվագյուտ բարերարներ, մեզ երկրպագություն կտան, կպաշտեն։ Ես կարող եմ հարյուրավոր օրինակներ առաջ բերել, բայց կարծեմ այսքանն էլ բավական է։ Այս է գործնական մարդու բերած օգուտը, այսինքն ինձ նման մի մարդու, որ, եթե ուզում ես, միայն իմ անձնական շահերը ունիմ աչքի առջև։ Բայց ինչե՜ր կարող է անել մի ուրիշը, դիցուք հենց քեզ նման մի գաղափարական մարդ։ Դու ունիս բավական մեծ հարստություն, և նա օրեցօր պետք է ավելանա։ Եթե չես ուզում խոշոր դրամատեր կամ, ինչպես ասում ես, մեծ կալվածատեր լինել, շատ գեղեցիկ, մի՛ լինիլ: Բայց մի՛ թողնիր, որ քո հարստությունը իզուր տեղը անօգուտ մնա։ Ե՛կ այստեղ, բաց արա քո հաշվով ուսումնարաններ, աղքատ գյուղերում, թո՛ղ հարյուրավոր գյուղական խեղճ մանուկներ ձրի կրթություն ստանան։ Հիմնի՛ր մի գյուղատնտեսական դպրոց կամ մի օրինակելի ագարակ և թող այնտեղ գյուղացիները դասեր առնեն գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերմամբ։ Եվ միթե ա՞յս միայն կարող ես անել դու։ Քո առջև գործելու մի այնպիսի ասպարեզ կա, որ, ճշմարիտ, զարմանում եմ ինչո՞ւ դու արհամարհում ես այդ ասպարեզը և հուսահատ կռիվ մղում մի ամբողջ հասարակության դեմ։

Նա ոտքի կանգնեց, մի անգամ անցավ սենյակի մյուս ծայրը, հետ դարձավ, նորից նստեց և շարունակեց։

— Ես ինքս մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո գործունեությանը և, անկեղծ եմ ասում, զարմանում եմ քո եռանդի, հոգեկան ուժի և մտավոր կարողության վրա։ Տեսնում եմ, որ դու մեր թմրած հասարակության մեջ մտցրել ես նոր մտքերի մի թարմ հոսանք։ Այո՛, այդ ամենը հարկավոր է, հիանալի է և ծափահարության արժանի, բայց ասա խնդրեմ, ի՞նչ վերջ պետք է ունենա քո կռիվը։ Չեմ ասում քեզ համար, քեզ այնքան պետք է հալածեն, որ վերջը ոչնչացնեն ինչպես մի մարդու, որ աշխատում է քանդել խավար ամբոխի համար սրբություն համարված վնասակար նախապաշարմունքները։ Այո՛, ի՞նչ օգուտ, անմիջական օգուտ, պետք է ունենա քո գործունեությունը այն թշվառ ժողովրդի համար,