որին քո աչքով տեսար։ Մինչդեռ հենց այդ ժողովուրդն է կարոտ վերակենդանության և հենց նրա անմիջական շահերի համար և նույնիսկ նրա շրջանում պետք է գործել:
Վերջին խոսքերը արտասանելիս, Հաբիգյանի կոշտ ձայնի մեջ զգացվեց բավական մեղմ հնչյուն։ Կարծես, նա փոքր-ինչ զգացվել էր, երկար տարիներից հետո առաջին անգամ այդպես մտերմաբար խոսելով յուր նախկին ընկերոջ հետ։ Դիմաքսյանը լուռ լսում էր, առանց հերքելու նրա ասածները կամ համաձայնության որևէ նշան ցույց տալու։ Նա, կարծես, մտքում կշռում էր Հաբիգյանի յուրաքանչյուր խոսքը։
— Կարելի է ես սխալվում եմ,— շարունակեց Հաբիգյանը,— բայց խորին համոզմունքը այս է. դու այստեղ, քո ծննդավայր հողի վրա, կարող ես ավելի օգտակար լինել, քան թե այնտեղ, ուր այժմ գործում ես։ Այս պատճառով ես շատ ուրախ կլինեի, որ դու թողնեիր ամեն ինչ և գայիր այստեղ գործելու։ Այն ժամանակ քեզ հետ կարելի է ես էլ մի քիչ գաղափարական մարդ դառնայի և միայն իմ անձնական շահերից դրդված չաշխատեի։ Դու կտայիր ինձ ծրագիր — ես կկատարեի, դու կլինեիր կարգագրող — հրամանակատար, այդ ինձ համար թե՛ հաճելի կլիներ և թե՛ բարոյապես օգտակար։
Մի ժամանակ գրեթե միևնույնը առաջարկում էր և՛ Մսերյանը։ Բայց այնտեղ չէր զգացվում այնչափ հավատ, համոզմունք, որչափ Հաբիգյանի խոսքերի մեջ։ Գուցե այդ նրանից էր, որ իդեալիստի բերանով խոսում էր մի ժամանակավորապես վհատված հոգի, մի վշտացած սիրտ, կյանքի անհաջող դեպքերի տպավորության տակ։ Դիմաքսյանը զգաց, որ Հաբիգյանը համեստությունից է ասում, թե յուր գործունեության շարժառիթը անձնական շահերն են։ Նա կարծում էր, եթե այդ մարդը լիներ նրա հարստության լիազոր տերը, նույնը պետք է աներ, ինչ որ առաջարկում էր նրան։
Այս խոսակցությունից մի քանի օր անցած Դիմաքսյանը մի անգամ ևս Հաբիգյանի հետ ճանապարհորդեց գյուղերը և այս անգամ ավելի մոտիկ ծանոթացավ ժողովրդի կարիքների հետ։ Այնուհետև հաճախ նա մտածում էր Հաբիգյանի