Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ զբաղեցրեց, բայց չեղավ մի վայրկյան, որ նա ինձ գրավեր։ Երկար մտածողությունից հետո եկա այն հաստատ եզրակացության, որ ես ստեղծված չեմ խաղաղ գործունեության համար։ Թույլ տուր ինձ, Սմբատ, հաղորդել քեզ մի նորություն, այն է, որ իմ մեջ տեղի է ունեցել մի մեծ փոփոխություն, մի տեսակ բարոյական հեղաշրջում։ Երկար կլիներ բացատրել, թե ինչպես կատարվեց այս հեղաշրջումը և հազիվ թե կարողանայի բացատրել։ Բայց այսքանը կարող եմ ասել, որ այս րոպեիս քո առջև նստած է ուրիշ մարդ, որ այժմ ես այն չեմ, ինչ որ մի քանի ժամանակ սրանից առաջ, այն վհատվող, այն ընկճվող, այն չափազանց դյուրագրգիռ, այո՛, այն հիվանդոտ֊ինքնասեր Դիմաքսյանը, որ ամեն մի վայրկյան հուզվում էր, վրդովվում և վիրավորվում։ Ես զգում եմ, որ ինձ համար անհրաժեշտ էր տանջվել — տանջվեցի, ես պետք է փորձվեի — փորձվեցի կյանքի քուրայում։ Ես շատ անգամ վհատվեցի, շատ անգամ տատանվեցի, եղան վայրկյաններ, երբ վճռում էի թողնել իմ ընտրած ճանապարհը… Բայց այժմ այդ չկա, այժմ այդ բոլորից մնաց իմ մեջ մի ձգտում — շարունակել այն, ինչ որ սկսել եմ յոթ տարի առաջ. կռվել միշտ և անդադար կռվել հասարակական ընդհանուր վնասակար երևույթների դեմ։ Այո՛, թող ես անհամեստ լինեմ, բայց անկեղծ եմ. ես զգում եմ, որ միայն և միմիայն այդ տեսակ գործունեության փափագ կա իմ սրտում։ Խաղաղ կյանքը, անվրդով գործունեությունն ինձ համար հավասար է մեռելության։

Նա ոգևորված էր, նրա աչքերի մեջ փայլում էր մի նոր, արտաքո կարգի եռանդ, մի պայծառ լույս, որ խրախուսանք, ուժ և հավատ էր ներշնչում Մսերյանին։ Թվում էր, որ նա այդ րոպեին տոգորված էր ինչ֊որ բարձրագույն, վեհ, անհասանելի ոգով, որի առջև կարող են խորտակվել կյանքի բոլոր հարվածները: Իդեալիստն յուր սրտում զգաց այնպիսի պատկառանք դեպի յուր ընկերը, որ հավասար էր պաշտելության։ Նա տեսնում էր յուր դեմ մի մարդ ամբողջովին կլանված յուր նվիրական, սուրբ և վսեմ գաղափարներով, որոնց նա երբեք, երբեք և ոչ մի դառն հանգամանքում չպիտի