Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան մղել են դեպի ստեղծագործական աշխատանքը։ Նա գրել է մի շարք պատմվածքներ և «Զուր հույսեր», «Արսեն Դիմաքսյան» վեպերը, որոնցում լայնորեն պատկերում է երիտասարդության, ինտելիգենցիայի տարբեր հոսանքների բախումը, գաղափարական հակասությունները, ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, մշտապես ռեալիստական ուժեղ նկարագրով ստեղծելով նաև նրանց շրջապատող կյանքի միջավայրի պատկերը:


«ԶՈՒՐ ՀՈՒՅՍԵՐ»


1885 թ. հունվարի 5-ին Ալեքսանդր Աբելյանին ուղղված նամակում, ստեղծագործական ուրիշ շատ հարցերի հետ միասին, Շիրվանզադեն խոսում է նաև գրելիք նոր վեպի մասին. «Վաղուց մտադիր էի «Հոսանքը» գրել, բայց դա կթողնեմ և կսկսեմ մի նոր վեպ։ Դա կլինի ներկա մեր երիտասարդության կյանքից: Դուրս եմ բերելու զանազան շրջաններից մի մի տիպ, կմտնեն այստեղ և, իհարկե, առանց իմ տենդենցիայի, այնպես, ինչպես ես կարողանում եմ տեսնել նրանց: Իսկ դրական տիպը, որ ամեն մի վեպի ոգին է, այժմ մեզանում չկա, հարկավոր է գտնել։ Ես ունիմ մինը աչքի առաջ, բայց նա էլ կատարելապես չի համապատասխանում այն պահանջներին, որոնք, իմ կարճ խելքով, ունի մեր հասարակական կազմակերպությունը։ Սակայն այդ մինը համակրելի կես տիպ է և հարկավոր է նրա մյուս կեսը ստեղծել, լրացնել։ Ես այժմ զբաղված եմ այդ մարդու հոգեկան ձգտումները, ներքին աշխարհը ուսումնասիրելով։ Ես այդ անունը չեմ հիշում, որովհետև բերանումդ չուբուխ չի թրջվում»։ Դժվար է ասել, թե հատկապես ո՞ւմ նկատի ուներ Շիրվանզադեն, խոսելով կես դրական տիպի մասին, ո՞վ է նրա նախատիպը և կամ՝ ո՞ր դրական հերոսի նախատիպի մասին է խոսում գրողը։ Նա նկատի ունի «Զուր հույսեր»-ի հերոս Բագրատյանի՞ն, որ գնում է Արևմտյան Հայաստան՝ պաշտպանելու բռնակալի լծի տակ տառապող ժողովրդին։ Գուցե նա նկատի ունի Ռուբենին։ Կարծիք է հայտնվել նաև, թե այս տողերում Շիրվանզադեն նկատի է ունեցել Արսեն Դիմաքսյանին, նախատիպ ընտրելով Գր. Արծրունուն։ Վերջինս քիչ հավանական է, քանի որ 1884-85 թթ. «Մշակ»-ը դադարել էր, Արծրունին ընկնելով ծանր վիճակի մեջ, հեռացել էր արտասահման, և Շիրվանզադեն այդ օրերին հնարավորություն չուներ ուսումնասիրելու նրա հոգեկան ձգտումները, ներքին ապրումները»։

Շատ ավելի հավանական է, որ նա այստեղ խոսում է «Զուր հույսեր» վեպի մասին, որը գրել է 1887 թվականին։ Այդ վեպն արտացոլում է երիտասարդության կյանքը, այնտեղ դուրս են բերված զանազան տիպերն ու բնավորություններն իրենց դրական ու բացասական հակումներով։ Անհավանական չէ նաև այն, որ այդ վեպի վրա աշխատելու ժամանակ Շիրվանզադեն որոշ նյութ է կուտակել «Արսեն Դիմաքսյան» վեպի համար։ «Զուր հույսեր»-ը լույս է տեսել 1890 թ. «Արձագանք»-ում, N 1—26 և զուգընթացաբար տպագրվել նաև առանձին գրքով: Բայց նամակներն ու փաստերը