Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վկայում են, որ վեպը գրվել է շատ ավելի վաղ և ուրիշ այլ գործերի հետ միասին, երկար ժամանակ մնացել անտիպ։ 1888 թ. մարտի 21-ին Ներսես և Ալեքսանդր Աբելյաններին հասցեագրված նամակում, խոսելով «Արձագանք»-ում լույս տեսնող «Արամբի» վեպի մասին, Շիրվանզադեն հիշում է իր մեծ վեպը. «…գուցե սեպտեմբերից սկսենք տպագրել մեծ վեպը, որի անունը դեռ չեմ որոշել… Այնուհետև կմտածեմ մյուս ձեռագրերիս համար։ Եթե միջոց լիներ այս խմբագրներից ազատվելու և անվախ տպագրելու, շատ լավ կլիներ։ Բայց դյուրին չէ…»:

Վստահ կարելի է ասել, որ այստեղ խոսքը վերաբերում է «Զուր հույսեր»֊ին, քանի որ բոլոր մեծ երկերը նա գրել է շատ ավելի ուշ։ Ինքը՝ հեղինակը «Զուր հույսեր»-ի դրության թվականը նշանակել է 1887 թ.: Հետևաբար Շիրվանզադեն վեպի վրա աշխատել է 1885-86 թթ. և հիմնականում ավարտել 1887 թվականին:

Վեպը նախառևոլյուցիոն շրջանում առանձին գրքով լույս է տեսել միայն 1890 թվականին, այնուհետև տեղ է գտել Շիրվանզադեի երկերի ութհատորյակի 4-րդ հատորում՝ 1930 թ. տասհատորյակի 2-րդ հատորում՝ 1950 թ.: Տարբեր հրատարակությունների ժամանակ տեքստը մնացել է գրեթե անփոփոխ։ Միայն 1930 թ. Շիրվանզադեն, ութհատորյակի համար տեքստը պատրաստելիս, լեզվա-ոճական լուրջ մշակման է ենթարկել վեպի վերջին գլուխը, ուր խոսվում է Բագրատյանի մահվան մասին: Ժամանակակիցները բավական անտարբեր գտնվեցին այդ վեպի նկատմամբ, քիչ խոսվեց նրա մեջ արծարծված հասարակական-քաղաքական խնդիրների մասին: Այստեղ խոշոր դեր խաղաց այն հանգամանքը, որ Րաֆֆուց հետո, փորձելով քաղաքական-ծրագրային վեպ, շոշափելով Արևմտյան Հայաստանի հարցը, Շիրվանզադեն «Զուր հույսեր»-ում չկարողացավ ստեղծել քաղաքական պայքարի մթնոլորտ, քանի որ լավ չգիտեր արևմտահայ ժողովրդի կյանքը, կենցաղը, միջավայրը։ Այդ պատճառով բավական անբնական ու անարտահայտիչ է ստացվել Բագրատյանի կերպարը, և չկա արևմտահայ կյանքը, ուր գործում էր այդ հերոսը: Վեպում հաջող են գերազանցապես Թիֆլիսի հայ երիտասարդության կյանքի ու կենցաղի պատկերները, մտավորականության ներկայացուցիչների կերպարները, քաղքենի շրջանների ռեալիստական նկարագիրը։ Այդ մասին գովասանքով է խոսել վեպի գրախոսը 1891 թ. «Արձագանք»-ում, N 29-ում։

Նշելով վիպական կառուցվածքի ակնհայտ թերությունները, «հետաքրրքրական շարժումների» և «հուզումների» պակասը, նա միաժամանակ ընդգծում է հեղինակի մեծ հաջողությունը բժիշկ Մելիք-Բարսեղյանի, Վախվախյանի կերպարների, կյանքի ու կենցաղի մանրամասների ստեղծման ասպարեզում։ Գրախոսը վեպի մեջ տեսնում է Տուրգենևի և Տոլստոյի երկերի բարերար ազդեցությունը, նկատի ունենալով դրական մարդկանց կերպարները:

«Զուր հույսեր»-ը տպագրվում է ըստ ութհատորյակի տեքստի: