Թող փորձեմ ուժերս։ Անգործ, աննպատակ կյանքը ինձ համար վաղուց է անտանելի դարձել, լսո՞ւմ ես, վաղուց։ Ես ուզում եմ աշխատել, ես կարոտում եմ աշխատանքի։ Թույլ տուր ինձ քո ընկերը, քո օգնականը լինել... դու աշխատիր դրսում, ես կաշխատեմ տանը... և դրսում, եթե կարող եմ։ Ինչ որ գիտեմ, կանեմ, չիմացածս կսովորեմ։ Տա՛ր ինձ, Ռուբեն, տար, ուր ուզում ես, միայն թե ազատիր ինձ այս կանանցից, որ գիշեր ու ցերեկ հալածել են ինձ՝ անմեղ քրոջդ...
Արտասանելով այս խոսքերը, նա թաշկինակով սրբեց յուր այտերի վրա չորացած արտասուքի կաթիլները և ժպտաց եղբոր երեսին։
— Մարիամ,— գոչեց Ռուբենը, հափշտակված նրա հաստատակամությամբ,— դու ինձ ուրախացնում ես։ Գիտեի, որ դու վեհանձն ես, գիտեի, որ քո բարոյական ուժը մեծ է։ Շնորհակալ եմ, հազար անգամ շնորհակալ եմ, դու ինձ մի նոր եռանդ տվիր այդ խոսքերովդ։
— Մի բան միայն դժվար է ինձ համար,— ասաց Մարիամը մելամաղձիկ ձայնով,— Գաբոյից և Լիզայից բաժանվելը։ Ախ, ո՛րքան սիրում եմ նրանց... Անմեղ երեխաներ, երբեք ես ձեզ չեմ մոռանալ, և հույս ունիմ, որ դուք ևս չեք մոռանալ ինձ։
Այդ երեկո մինչև կեսգիշեր Մարիամը զբաղված էր յուր շորերը կապկպելով։
VI
Մելիք-Բարսեղյանի խոսքերը սնոտի պարծենկոտություն չէին։
Արդարև նա շատ վաղ էր կարդացել «կյանքի խրատական էջերը», ինչպես ինքն ասաց։
Նա չքավոր ծնողների որդի էր. ուսանող ժամանակ հորից ստանում էր մի աննշան թոշակ, այնքան աննշան, որ ավելի լավ ապրել չէր կարող, քան ինչպես ինքը համառոտ պատկերացրեց Մարիամի և Ռուբենի առաջ։ Բայց նրա համբերող, տոկուն և աշխատասեր բնավորությունը