Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաղթեց նյութական սուղ հանգամանքներին։ Նա փայլուն կերպով ավարտեց ուսման ընթացքը, բժշկության դիպլոմը գրպանում վերադարձավ հայրենիք Ռուբենից մի տարի առաջ։

Թիֆլիս հասնելով, նա փոխեց յուր տարազը, դեն ձգեց տասը տեղից կարկատած, օձիքը կեղտոտ սյուրտուկը, մի հարուստ ընկերից ձեռապարտ վերցրեց և հագավ նորաձև հագուստ։ Նա մի քանի անգամ այցելեց թատրոն, երեկույթներ, պարահանդեսներ։ Մի երեկո նա մի նվագահանդեսում տեսավ Մարիամին, որի հետ դեո գիմնազիստ ժամանակ ծանոթ էր Ռուբենի միջոցով։ Նա մոտեցավ, վերանորոգեց նախկին ծանոթությունը։

Որքա՜ն փոխվել էր հինգ տարվա ընթացքում Մարիամը։ Նիհար, մեջքից քիչ կորացած, թխադեմ պատանուհին այժմ դարձել է Թիֆլիսի կանանց դասակարգի գեղեցիկ զարդերից մինը։ Քանի Վասիլը գիմնազիստ էր, մի տեսակ վեհերություն էր տիրում նրան Մարիամին տեսնելիս։ Պատճառը ոչ այնքան օրիորդի անձնավորությունն էր, որքան այն պայմանները, որոնց մեջ ապրում էր Մարիամը յուր հորեղբոր տանը։ Սադափյանների հայտնի անունը, շքեղ ապրուստը ճնշում էին չքավոր երիտասարդին, և նա հարստությունից վախենում էր, որպես մի անսովոր երազից։ Ահա ինչու երկու տարուց ավելի Ռուբենին այցելելով, նա չհամարձակվեց, բացի վերջինի սենյակից, մի ուրիշ անկյուն ճանաչել այդ տան մեջ և, բացի Մարիամից, մի ուրիշի հետ ծանոթանալ այդ ընտանիքում։

Այլ էր այժմ, երբ նա ուսումն ավարտած բժիշկ էր։ Երբեք նա Մարիամի մեջ այն զգացումը չէր զարթնեցրել, երբ առաջին անգամ օրիորդը տեսավ նրան Ռուսաստանից գալուց հետո։ Այլևս դա այն տատամսոտ, վեհերոտ և ամեն մի խոսք ասելիս, կարծես, նույնիսկ Ռուբենի սենյակի կահ-կարասիից ամաչող պատանին չէր: Նրա առաջ կանգնած էր մի հասուն տղամարդ, դեմքը հանդարտ, անվրդով, հայացքը համարձակ, լայն բացված ճակատով, ուր հնգամյա համառ պարապմունքները դրոշմել էին մի որոշ հետք։

Մարիամը շփոթվեց հենց միայն այդ կերպարանքը