Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունակ է կուրացնել ամենաառաքինի կանանց ու ձգել նրա գիրկը, ինչպես ձգեց այդ կնոջն այդպես շուտ և այդքան հեշտ... Ինչո՞ւ, ուրեմն, միայն այս հաղթությամբ բավականանալ և ավելի հեռու չգնալ...

XI

Անցել էր երկու շաբաթ Քյազիմ-բեգի մոտ տեղի ունեցած օրգիայից։ Այդ օրից Սմբատին չէր հաջողվում Միքայելին տեսնել տանն այնպես, որ կարողանար հետը լրջորեն խոսել կոնտր-կտակի մասին։ Ճշմարիտ է, խնջույքի հետևյալ օրը Միքայելը նրան դրականապես հայտնել էր, թե դիմում է դատարան, բայց մինչև այժմ դեռ այս մասին լուր չկար։

Տասը տարի էր Միքայելը գիշերը ցերեկ և ցերեկը գիշեր էր դարձրել։ Տուն էր գալիս գիշերվա երեք-չորս ժամից ոչ առաջ, քնում էր մինչև երեկո, զարթնում, մի բաժակ թեյ խմում և անհայտանում։ Թե ուր և որպիսի կյանք էր վարում — այժմ այս գաղտնիք չէր Սմբատի համար։ Այժմ նա ճանաչում էր այն սպանիչ մթնոլորտը, ուր հալվում էր նրա եղբոր երիտասարդ կյանքը։

Նա ուզում էր տեսնվել Միքայելի հետ և խնդիրը լուրջ հողի վրա դնել։ Կոնտր-կտակը կրում էր հանգուցյալի իսկական ստորագրությունը։ Նա ինքն ասաց Միքայելին, թե կեղծիքը, եթե իրավ կեղծիք է, շատ ճարպիկ է ձեռնարկված։ Նա եղբորն ընդունակ չէր համարում այդչափ վտանգավոր խարդախության։ Եվ համոզված էր, որ ուղիղ ճանապարհից շեղողն այս դեպքում փեսա Մարութխանյանն է. մի մարդ, որին ատում էր ամբողջ հոգով։ Այդ մարդը ոչ միայն Միքայելին և Արշակին էր լարել նրա դեմ, այլև իր կնոջը։ Գրեթե ամեն օր Մարթան գալիս էր մոր մոտ և բողոքում, որ Սմբատը «խլել է» նրա մասը ժառանգության։ Մի անգամ նա այս մասին խոսեց Սմբատի հետ և ասաց մի քանի կոպիտ խոսքեր։ Քույր և եղբայր վշտացրին միմյանց, և Մարթան դուրս եկավ ծնողների տնից արտասունքն աչքերին։