Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նույն օրը Սմբատը վճռեց տանը մնալ, սպասել Միքայելի զարթնելուն։ Իրիկնադեմ էր արդեն, երբ վերջապես սպասավորը հայտնեց, թե Միքայելը զարթնել է։ Սմբատը շտապեց նրա սենյակը։ Միքայելը մետաքսե խալաթը հագին, թեյ էր խմում։ Նա ընդունեց եղբորը գլխի թեթև շարժումով, որպես մի օտար ու աննշան հյուրի։ Գունատ էր, ինչպես միշտ, աչքերի տակերը կապտած, երեսը թորշոմած։

Սմբատը խնդրեց նրան մի անգամ էլ ցույց տալ կտակը։ Միքայելն ասաց, թե կտակը մոտը չէ, այլ դատարանում, սակայն մի քանի րոպե անցած հանեց գրպանից բանալիների կապոցը և բաց արավ սեղանի անթիվ դարաններից մեկը։

Սմբատը հանեց ծոցի գրպանից հոր մի քանի ստորագրերը՝ զանազան պայմանագրերի և հաշիվների տակ, ուշադիր համեմատեց կտակի ստորագրության հետ։ Մազու չափ տարբերություն չկար։ Նույն գլխատառերը, տառերը, ընդգծումը և նույն երկայնությունը ստորագրի։ Կասկածի վերջին նշույլը պիտի փարատվեր։ Բայց մի բան դարձյալ շփոթեցնում էր Սմբատին։ Եթե արդարև ճիշտ է կտակը, ինչո՞ւ ուշացնում են և չեն ներկայացնում դատարանին. չէ՞ որ նա մի քանի անգամ դրականապես հայտնել է, թե կամավոր մի թույլ զիջումն անգամ մտադիր չի անելու։ Եթե Միքայելը տատանվում է, Մարութխանյանը չպիտի տատանվի․ այդ մարդու համար գրպանի շահը բարձր է բոլոր ազգակցական և բարոյական շահերից։

Միքայելը դարձյալ առաջարկեց նրան հաշտությամբ գործը վերջացնել։ Եվ նա այս անգամ էլ դրականապես մերժեց։ Բանն այն է, որ քաղաքում արդեն լուր էր տարածվել, թե նա ապօրինի է տիրացել հայրական ժառանգությանը։ Պարզ էր, որ եթե զիջողություն աներ, մարդիկ ավելի պիտի համոզվեին, թե իրավ նա ապօրինի ժառանգ է։ Նա սկսեց համոզել Միքայելին, թե դատարանը կապացուցանի կոնտր-կտակի կեղծիքը, և նա կկորչի իր դաշնակցի հետ։ Այդ դաշնակիցը վտանգավոր մարդ է, փույթ չէ, որ նրանց փեսան է։ Նա իր ամբողջ կարողությունը դիզել է խարդախ միջոցներով։