Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերլուծման չէր ենթարկել, այժմ հասկանում էր իր վատթար արարքը: Նա հավատացնում էր Անուշին, թե սիրում է և գիտեր, որ սկսել էր զգալ դեպի նա զզվանքի պես բան։ Նա մտերմություն էր ցույց տալիս Գրիշային և զգում էր, որ գողանում էր նրա պատիվը։ Նա ուզում էր հովանավորել Պետրոս Ղուլամյանին և զգում էր, որ հանդգնաբար ցեխի մեջ ոտնատակ է անում նրա ամուսնական առագաստը։ Քանի կարծում էր, թե հասարակությունը ոչինչ չգիտե, դեռ այնչափ անհանգիստ չէր։ Բայց Մարութխանյանը ձգեց նրան մտատանջության մեջ։ Այժմ հանդիմանում էր իրեն, որ եռանդով չհերքեց այդ մարդու կասկածը և նույնիսկ, կարծես, ակնարկով հասկացնել տվեց, թե իրավ է նրա ասածը։ Դա աններելի թեթև անմտություն էր, տղամարդի ունայն սնափառություն։ Հաճելի է երևալ սրտակեր առյուծ, բայց հետևա՞նքը...

Նա դադարեց այցելել Անուշին։ Երեք օր անցած ստացավ մի նամակ այն ժամանակ, երբ տանն էր և ստացավ մոր ներկայությամբ։ Այրիի հարցին, թե ումի՞ց է, պատասխանեց, որ Պետրոս Ղուլամյանն է գրում։ Նա չէր կարող Ղուլամյան անունը չհիշել, որովհետև նամակը ներս բերող սպասավորին՝ Անուշի աղախնին՝ ճանաչում էր։ Մտքում կատաղեց Անուշի դեմ, որ մի այդպիսի նուրբ հանձնարարություն էր արել աղախնին։ Կարդաց նամակը և տխրեց։ Բովանդակությունը հուսահատական էր, գրելու եղանակն աղերսական։ Բարվոք համարեց չպատասխանել և ոչ էլ այցելել Անուշին։ Հույս ուներ այսպիսով սառեցնել տիկնոջը։

Սխալվում էր։ Կրքերն այնքան կլանել էին Անուշին, որ քանի գնում խելքը կորցնում էր։ Երկու օր անցած Միքայելն ստացավ երկրորդ ծրարը։ Այս անգամ արդեն Անուշի հուսահատությունը չափ չուներ։ Այդպես շարունակել վտանգավոր էր։ Հարկավոր էր կուրացած տիկնոջ անտակտության առաջն առնել։ Միքայելը պատասխանեց, թե զբաղված է գործերով, ժամանակ չունի, թող Անուշը համբերի և այլն, և այլն։ Նամակի վերջում աղերսում էր վերջ տալ անմիտ թղթակցությանը։ Փառք աստծո, նրանք գիմնազիոնի աշակերտներ