չեն, որ միմյանց սիրային նամակներով զվարճացնեն։
Եվ մի՞թե Անուշը չգիտեր, որ իր արածը երեխայություն է։ Բայց ա՛յլ էր մտքի պահանջը, այլ՝ կրքերի ուժը։ Տանջվել և լռել — Անուշի բնավորությանը հատուկ չէր։ Եվ ինչո՞ւ նա տանջվում է, թող Միքայելն էլ նրա հետ տանջվի։ Չլինի՞ թե այդ երիտասարդն այժմ կշտացել է և մտքում ծիծաղում է նրա թուլության վրա, պարծենում է հաղթությամբ սրա ու նրա մոտ։ Ինչո՞ւ չի պատասխանում նամակներին, ինչո՞ւ, ինչո՞ւ։
Անվերջ կասկածներից Անուշն օր-օրի վրա դառնում էր մռայլ, մարդատյաց։ Գոռում էր երեխաների վթա տեղի-անտեղի. ծեծում, հալածում սենյակից սենյակ, շրթունքներն անխնա կրծոտելով սուր ատամներով։ Անգործությանը նրա ամենապաշտելի կուլտն էր։ Ինը տարվա ընթացքում տանը մի օր մատը մատին խփած չկար։ Նստում էր ամբողջ ժամերով լուսամուտի առջև և, գլուխը ձեռի ափին հենած, նայում էր դեպի դուրս, այն դիմացի տան լուսամուտներին, ուր բնակվում էր մարդուն դավաճանող գեղեցկուհին։ Նա այժմ էլ նախանձում էր այդ կնոջը, որովհետև նրա սիրականը գրեթե ամեն օր այցելում էր։ Իսկ ինքը հազիվ սկսել էր ապրել, և ահա երանության գավաթը դեռ չպարպված, հանկարծ ընկնում է ձեռներից և փշրտվում։
Անխիղճ, անաստված երիտասարդ... Ինչո՞ւ այդպես շուտ, այդպես հանկարծ։ Չլինի՜ մի ուրիշը քեզ հափշտակեց, և դու այժմ զվարճանում ես նրա գրկում, Անուշին ծաղրելով։ Օ՜օ, եթե կա այդպիսին, Անուշը նրա աչքերը եղունգներով կհանի, երեսիդ կշպրտի։
«Կանեմ, կանեմ, կանեմ»,— կրկնում էր մտքում նա, մատները կծկելով աչքերի առջև։ Անխի՞ղճ, դու չպիտի անպատիժ մնաս. չպիտի այն համոզմունքով ապրես, թե կարելի է սիրել կեղծ, անկեղծ սիրվելով, շուտով կշտանալ, չկշտացրած, խաբել և երես դարձնել...
Նա մոտենում էր հայելուն, դիտում էր իրեն։ Ախ, այս ի՞նչ է, խոշոր աչքերի տակ, բերանի անկյուններում, քունքերի վրա։ Նաև սպիտակ մազե՞ր։ Այդպես շո՞ւտ։ Մի՞թե