Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս երկու շաբաթվա տանջանքներից։ Տեր աստված, տեր աստված, ինշո՞ւ տղամարդիկ այդչափ անխիղճ են, ինչո՞ւ չգիտեն, թե որքան դառն է խաբող ամուսնու և խաբված սիրուհու վիճակը։ Ինչո՞ւ, վերջապես, նրանց համար այդքան դյուրին է թիթեռի պես ծաղկից ծաղիկ թռչելը, իսկ կնոջ համար դժվար, անկարելի, գոնե պայմանավորված հարյուրավոր վտանգներով։ Անուշը դուրս կգար հենց այս ժամին, զուգված, զարդարված, կգտներ խաբողին և հենց նրա աչքերի առջև թևը կտար մի ուրիշին և այսպես կպատմեր խաբողին։

— Տա՛ր այս երեխաներին, գլխիցս հեռացրու,— հրամայեց նա սպասավորին, աղախնի ձեռքով յոթերորդ նամակը Միքայելին ուղարկելուց հետո։

Այժմ նրանք թվում էին ավելորդ բեռ, անխորտակելի պատնեշ, որ կանգած էին նրա և երջանկության միջև։ Գուցե հենց նրանք եղան պատճառ, որ Միքայելը վախեցավ, երես դարձրեց։ Չէ՞ որ տղամարդը խորշում է երեխաներ ունեցող կնոջից։ Ախ, թշվառ դրություն, ինչո՞ւ հենց այն կանայք են զավակներ ունենում, որոնք ատում են իրենց մարդկանց։ Ընտանեկան կյա՞նք — ահա մի հիմար բան, որ այսքան կաշկանդում է կանանց։ Ի՞նչ է այժմ Անուշի ընտանեկան կյանքը. մի մթին բանտ, պաղ ոսկերոտիք, որ ոչինչ հյութ չի պարունակում նրա համար այլևս։ Այնինչ, մի ինչ-որ անողոք ավանդություն, մի հիմար նախապաշարմունք նրա թևերն անխնա կտրտել է և միշտ շշնջում է. «դու մայր ես»։ Զզվելի, քստմնելի կապանք։ Չխորտակե՞լ արդյոք այս կապանքը։

Դոների հետևից լսվող քայլերի ձայնն ընդհատեց նրա մտքերը։ Ուրախության զգացումը մի վայրկյան բաբախեցրեց Անուշի սիրտը, սպիտակ ատամները բացվեցին։ Մի՞թե Միքայելն է և այսպես շուտ. տասը րոպե չկա, որ ուղարկեց վերջին նամակը, ուր աղաչում էր նրան գեթ մի քանի րոպեով գալ:

Դռներն արագ բացվեցին, և շեմքի վրա հայտնվեց Պետրոսի կերպարանքը, ահեղ, ինչպես մարմնացած վրիժառություն։ Աչքերը կայծեր էին արձակում, այն աչքերը,