որոնց արտահայտությունը, թեև հրող, բայց երբեք երկյուղալի չէր եղել: Ո՞ւր է այդ կոշտ և ինքնագոհ խանութպանի դեմքի կարմրությունը, շրթունքների վրա մշտապես խաղացող ժպիտը, այն մեղրալի ժպիտը, որ հատուկ է մուշտարիներին քծնող խանութպանին։ Եվ այդ ի՞նչ ծրար է նրա ձախ ձեռքում, և ինչո՞ւ նրա լայն կզակը դողդողում է, որպես կենդանի մարմնից սրի մի հարվածով անջատված։
Անուշը ցնցվեց: Այդ լուռ կերպարանքի միայն մի հայացքը բավական էր, որ իսկույն ըմբռներ, թե, վերջապես հասել է սոսկալի պատասխանատվության րոպեն։
— Անառա՜կ,— մռնչաց Պետրոսը և մի քայլ առաջ դրեց, ձեռքի մեջ ճմրկտելով ծրարը։
Անուշը երեսը դարձրեց, առաջին շփոթմունքը թաքցնելու համար։ Պետք էր մի բան հնարել:
— Անառա՜կ,— կրկնեց նույն ձայնն ավելի ահեղ։
Անուշն ինստինկտաբար գլուխը ձեռներով ծածկեց, մոտեցավ պատին։ Պետրոսը բռնեց նրա հաստլիկ ուսերից և ուժգին թափով երեսը դարձրեց իր կողմը։
— Սպասում ես, հա՞, տանջվում ես, հաա՞, մեռնում ես, հաա՞...
Նա բոլոր ուժով թափահարում էր կնոջը, կարծես ձգտելով, առանց բառերի, միանգամից դուրս թափել նրա ամբողջ գաղտնիքը։
— Դեհ, ասա՛, բոլորն ասա այս րոպեիս, բոլորը, շան աղջիկ...
Նա պահանջում էր, և միևնույն ժամանակ, հնարավորություն չէր տալիս բառ անգամ արտասանելու։ Նա սկսեց խեղդել սարսափահար եղած կնոջը։
Շեմքի վրա երևաց աղախինը, որ երկյուղից դողում էր և գունատվել էր թղթի պես։ Մոտեցավ, հետևից բռնեց Պետրոսի թևերից և, որքան ուժը ներում էր, հետ քաշեց։ Պետրոսը հետ դարձավ, հրեց նրան գոռալով.
— Դու էլ օգնում ես, հաա՞։
Նա վռնդեց աղախնին դուրս, դռները հետևից կողպեց։
— Ո՞ր ժամանակից է։