Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրպանից ինչ-որ թղթեր և ստորագրել տալիս։ Միքայելը շատ անգամ ստորագրում էր առանց թղթերը կարդալու, մինչև անգամ չնայելով նրանց բովանդակության... Այդ բոլոր թղթերը, Մարութխանյանի ասելով, կարևոր էին գործի համար... Եվ Միքայելը չէր էլ հետաքրքրվում, թե ինչ թղթեր են... նա միայն ստորագրում էր` գլուխը ձանձրույթից ազատելու համար։

Այժմ մեծ մասամբ նա տանն էր լինում։ Ամոթի զգացումը թույլ չէր տալիս նրան երևալ հասարակության մեջ։ Ո՞վ գիտե, գուցե խայտառակ դեպքն արդեն հայտնի է ամենին, և բոլորը բամբասում են նրան։

Օրերն անցնում էին, և նա այլևս Անուշի մասին լուր չէր ստանում։ Սկզբում վախեցավ, մի գուցե Պետրոսը կնոջ գլխին փորձանք է բերել։ Բայց եթե այդպիսի բան լիներ, չէ՞ որ լուրը կհասներ իրեն։ Ծեծո՞ւմ է իր կնոջը Պետրոսը։ Թող ծեծի. Անուշի ամուր մարմինը կարող է դիմանալ նրա բռունցքներին։ Շատ հավանական է, որ Պետրոսը բամբասանքից վախենալով, արդեն կուլ է տվել վիրավորանքը և լռել։ Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ պատճառ կա վախենալու։ Շատ-շատ մոխրագույն բեղիկները մի ամիս կտանջվեն և հետո կհանգստանան։

Եվ, այս մտքից խրախուսված, Միքայելն սկսեց պատահածը մոռանալ։ Շուտով նա անձնատուր եղավ սովորական կենցաղին, որպես անուղղելի արբեցող, որ արթնանում է թե չէ նորից սկսում է հարբել։ Տարբերությունն այն էր, որ այժմ հետաքրքրվում էր և՛ գործերով կամ ցույց էր տալիս, թե հետաքրքրվում է, բայց ոչ քաղաքային, այլ հանքային գործերով։ ժամանակ առ ժամանակ կառքով մենակ գնում էր հանքերը, որպես թե սաստիկ զբաղված էր նոր փորվող հորի դրությամբ։

Հարկավ, Սմբատն ուրախ էր եղբոր այս փոփոխությանը, բայց ստեպ-ստեպ հանքեր գնալը կասկածելի էր թվում նրան։ Չունի՞ արդյոք այս երևույթը մի ուրիշ ավելի զորեղ շարժառիթ, քան գործերով հետաքրքրվելը։

Կասկածն ավելի ամրացավ Սմբատի մեջ, երբ Միքայելը մի օր նրա մոտ գովեց Շուշանիկի արտաքինը։ Ի՛նչ գեղեցիկ