Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներկա էր և Ալեքսեյ Իվանովիչը։ Նա վրդովված էր «կոպիտ ասիականության» դեմ։ Պետք է խնդրել նահանգապետին, որ Հաբեթյանին ադմինիստրատիվ կերպով աքսորի Արխանդեչյան նահանգ կամ ավելի հեռու տեղ։ Օրինավոր հասարակություններն այդ տեսակ վայրենիներին չեն պահում իրենց մեջ։

Բայց Նիասամիձեն, Ադիլբեկովը և սպան կրկնում էին.

— Մենամարտությունը վրիժառության միակ ազնիվ միջոցն է։

— Ո՛չ,— լսվեց հանկարծ դռների կողմից,— մենամարտությունն ազնիվ միջոց չէ։

Սմբատն էր, որ մի դառն հեգնական ժպիտ դեմքին, մոտեցավ, թեթևակի գլուխ խոնարհեցրեց և նստեց եղբոր սենյակի մի անկյունում։

Սպան բացատրություն պահանջեց. Սմբատը բացատրեց.

— Պարոննե՛ր, մի մոլորեցրեք իմ եղբորը։ Մենամարտություն ասված բանը, արդարև, մի ժամանակ ունեցել է իր իմաստը, այժմ իմաստը ոչնչացել է, մնացել է միայն ձևը։ Դիմակահանդեսներն էլ են ունեցել իմաստ և խորիմաստ, այժմ նրանք ի՞նչ են. անբարոյականության հանդեսներ։ Ունենալ ճարպիկ ու հմուտ ձեռ, չի նշանակում ավելի խորը զգալ պատիվ ասված բանը։ Մարդկային պատիվը սրի ծայրում չի գտնվում, այլ հոգու խորքում։

— Ես ձեզ անպատվել եմ,— գոչեց նա, ընդհատելով սպայի խոսքը, որ ուզում էր հակառակել,— դուք ինձ մենամարտության եք կանչում։ Ես ձեզանից ավելի ճարպիկ եմ, դուք սպանվում եք։ Ո՞ւր մնաց լոգիկան ու արդարությունը, ինչո՞վ մաքրվեց ձեր պատիվը։ Ո՛չ, պարոններ, մարդուն չի վայելում աքաղաղներից օրինակ վերցնել։

— Ergo, դատարան, ուրիշ ոչինչ,— մեջ մտավ իրավաբանը։

— Ո՛չ,— դարձավ նրան Սմբատը,— դատարանը հիմնված է այն մարդկանց համար, որոնք դատելու ընդունակություն չունեն։

— Իսկ ի՞նչ կասեք ընկերական դատի մասին,— խոսեց