Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկինը մի սուր հայացք ձգեց Սմբատի երեսին և դառն հեգնությամբ ասաց.

— Ուզում եք դարձյալ ինչ-որ թունավոր ակնարկնե՞ր անել։

— Ինչո՞ւ ակնարկ, կարող եմ պարզ խոսել։ Մի՞թե սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ այդ Դունիաներն ու Գլաշկաներն են Վոլգայի ափերից այստեղ անբարոյականության սերմեր բերում ու ցանում։ Օ՜օ, ի սեր աստծու, խնդրեմ իմ միտքը ձեր ուզածի պես չըմբռնեք․ ես գիտեմ ինչ եմ ասում և երբեք Դունիաների ու Գլաշկաների մեղքը չեմ վերագրել մի ամբողջ ազգի, հասկանո՞ւմ եք ինչ եմ ասում։ Իսկ դուք... դուք միշտ հակառակն եք անում...

Վեճն այս եղանակով շարունակվեց և խոշորացավ․ մարդ ու կին միմյանց ուղղեցին վիրավորական դարձվածքներ։

Երբեք ընտանեկան խռովությունն այնչափ չէր ազդել Սմբատի վրա։ Հուզմունքից նա մինչև անգամ արտասվեց։ Կնոջ դեմքի կնճիռները, թառամած այտերը և երիտասարդական հյութից զրկված ձայնն ավելի էին բորբոքում նրա կատաղությունը։

Կես ժամ անցած, նա, սիրտը թույնով լի, կանգնած էր գրասենյակի առջև և մտախոհ դիտում էր փողոցով անցնողներին։ Քառորդ ժամ էր, նրա առջև անց ու դարձ էր անում մի երիտասարդ, շուտ-շուտ նայելով նրան։ Երբեմն կանգ էր առնում, ուզում էր մոտենալ, բայց չէր վստահանում։ Վերջապես, նա գրավեց Սմբատի ուշադրությունը։

— Գո՞րծ ունիք ինձ հետ,— հարցրեց Սմբատը։

— Ուզում էի ձեզ երկու խոսք ասել։

— Խնդրեմ։

Անծանոթը ո՛չ աղքատի էր նման, ո՛չ կասկածելի մարդու։ Նա խնդրեց Սմբատին մի րոպեով մտնել գրասենյակ։ Այստեղ նայելով շուրջը, նա ցածր ձայնով ասաց․

— Պարոն Ալիմյան, բարոյական պարտք եմ համարում ձեր nւշադրությունը դարձնել ձեր փոքր եղբոր վրա․․․

— Արշակի՞։

— Այո՛։