— Ի՞նչ է պատահել։
— Նա հիվանդ է։
— Հիվա՜նդ,— կրկնեց Սմբատը, արդեն անծանոթի խորհրդավոր արտասանությունից գուշակելով, թե խոսքն ինչ տեսակ հիվանդության մասին է։
— Այո՛, Արշակը հիվանդ է և չի ուզում բժշկվել, ամոթից, իհարկե։ Կարծեմ, միտքս հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, ներողություն, ես պարտքս կատարեցի...
Ասաց, գլուխ տվեց և դուրս գնաց։
Աշխարհում շատ կան մարդիկ, որոնք միշտ անհրաժեշտ են համարում իրենց «բարոյական պարտքը կատարել» ուրիշների հոգու հանգստությունը խանգարելու համար։ Նրանք իրենք բախտավոր չեն կյանքում, ուստի մի առանձին հաճույքով են հաղորդում ուրիշներին չար լուրերը։
Սմբատն ընկավ տարակուսանքի մեջ։ Ի՞նչ ասաց այդ մարդը. չլինի՞ թե հոգեկան հիվանդ էր կամ կատակասեր։ Այսպես թե այնպես, պետք է ստուգել անծանոթի ասածը։
Սմբատը բարձրացավ վերև։ Արշակը նոր վերադարձել էր դպրոցից և արագ-արագ նախաճաշ էր անում այնպես, որ կարծես, գլխին ոստիկան էր կանգնած և շտապեցնում էր։
— Գնանք իմ սենյակը, քեզ հետ գործ ունեմ,— ասաց Սմբատը։
Արշակը կարծեց, թե առավոտվա դեպքի մասին իրենից հաշիվ է պահանջելու։ Նա ասաց, թե ժամանակ չունի, շտապում է հինգերորդ դասին։
— Է՜Է, բարեկամ, ի՞նչ դասերի ժամանակ է,— ասաց Սմբատը հեգնությամբ,— այժմ դու պիտի ապրես և ոչ թե ուսում առնես։ Վեր կաց, դռները կողպիր, որ հանկարծ մայրիկը ներս չմտնի։
Արշակը լոությամբ կատարեց նրա հրամանը։
— Դու ե՞րբ ես հիվանդացել,— հարցրեց Սմբատն այնպիսի եղանակով, որ, կարծես, եղբոր հիվանդությունն արդեն անկասկածելի էր։
Պատանին գունատվեց։ Այսքանն արդեն բավական էր,