Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա մռայլ ճակատը հետզհետե պարզվում էր, կապույտ աչքերը վառվում էին անսովոր հրով։ Նրա մտքում սկսեցին պատկերանալ այն բոլոր վիպական հերոսուհիները, որոնց սիրել էր մայրենի վեպերում և որոնցով մի ժամանակ հափշտակվել էր։ Ահա այն աշխարհը, որին օգնելու գաղափարը դրվատել են իր ազգի ամենաընտիր հեղինակները, ամենամաքուր մտածողները։

Նրա սիրտն սկսեց բաբախել բարձր մարդասիրական զգացումներից։ Եվ այդ պահին նա պատրաստ էր ներել սկեսուրին, տալոջն ու բոլոր ազգականուհիներին, որոնցից նա իրեն արհամարհված էր զգում։ Նա տեսնում էր ազգերի ու լեզուների մի խառնուրդ, տոգորված միևնույն ցավերով ու վշտերով։ Մրի ու նավթի սև քողը սփռվել էր հավասար ամենքի վրա ու կազմել տխուր միօրինակություն։ Մի՞թե մանրակրկիտ չէ այն մարդը, որ այդ մռայլ հարթության տակ տեսնում է ինչ-որ խորդուբորդեր, մեկին սիրում, մյուսին արհամարհում, մեկին օգնում, մյուսին բարձիթող անում, համարելով իր արյանն «օտար»։

— Օրիորդ,— դարձավ Շուշանիկին,— հանքերում դժբախտություններ պատահո՞ւմ են մարդկանց։

— Շատ։

— Մեծ մասամբ, իհարկե, հրդեհից։ Շուշանիկը պատասխանեց, թե հրդեհներն ինքնըստինքյան, բայց առհասարակ այստեղ մարդկային կյանքն ապահով չէ։ Կան ուրիշ անթիվ պատահարներ։ Երեկ մեկի մատը մնաց պարանի տակ և արմատից թռավ, մեկէլ օրը մի անփորձ մշակի մեքենայի փոկը ոլորեց, ջարդեց ու սպանեց։ Իսկ սովորական հիվանդությունները տանում են մեծ թվով զոհեր։

— Լսել եմ, դուք միշտ օգնում եք մշակներին, և նրանք ձեզ պաշտում են, ինչպես մի բարի հրեշտակի,— ասաց տիկինը կես-հեգնությամբ և կես-լուրջ։

Շուշանիկը շփոթված, ակամա, երեսը մի կողմ դարձրեց։ Երբեք նա իր չնչին ծառայությունների մասին չէր մտածել։

— Գիտեք ինչ,— շարունակեց Անտոնինա Իվանովնան, նայելով օրիորդի աչքերին,— ինձ թվում է, որ դուք, եթե