Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամենաք, շատ բաներ կարող եք անել մշակների համար։ Օրինակ, կարող եք Միքայել Մարկիչին համոզել, որ նա հիվանդանոց էլ բաց անի։

— Ես իրավունք չունեմ նրա գործերին խառնվելու։

— Այդ այդպես է, բայց մի՞թե բարի գործեր կատարելու համար իրավունք է հարկավոր։ Ես էլ իրավունք չունիմ, բայց պիտի խառնվեմ... ձեր կողմից էլ։ Ո՛չ, խնդրեմ, խնդրեմ… ինձ թվում է, որ նա ձեր խնդիրն ավելի շուտ կկատարի, քան իմը… Այո՛, այո՛, պիտի խնդրեմ ինքս էլ, ձեր կողմից էլ, թեկուզ թույլ էլ չտաք... Աա՜, դուք կարմրեցի՞ք, կնշանակե — ես ճշմարիտ եմ ասում։

Դավիթը Շուշանիկին կանչեց՝ քաղաքից եկած հյուրերի համար սեղանը պատրաստեու։

Քառորդ ժամ անցած, հյուրերը հրավիրվեցին առանձին սենյակ։ Սրաֆիոն Գասպարիչը բաժակ առաջարկեց Ալիմյան ֆիրմայի գործերի աջողության մասին։ Տա աստված, որ ֆիրման օր-օրի վրա ծաղկի, մեծանա և «հազարավոր մարդկանց կերակրի»։

— Մեր ֆիրման ոչ ոքի չի կերակրում և չի էլ կերակրել,— ասաց Միքայելը տարօրինակ սրտմտությամբ։

— Այդ միայն ես գիտեմ,— նկատեց Սրաֆիոն Գասպարիչը խորհրդավոր։

— Ո՛չ, դու չգիտես, քեռի... ես այսօրվա ճաշն էլ օյինբազություն եմ համարում...

Բոլորը զարմացած նայեցին նրան: Սմբատը չգիտեր ինչպես բացատրի եղբոր անսովոր տրամադրությունը։

— Այո՛, օյինբազություն եմ համարում,— կրկնեց Միքայելն ավելի տաքացած,— այստեղ ես անկեղծություն չեմ տեսնում։

— Միքայե՛լ— ասաց Սրաֆիոն Գասպարիչը,— ջահել ես, ականջ դիր մի բան պատմեմ։ Երբ ես ույեզդնի նաչալնիկ էի, նորին գերազանցություն Վիսսարիոն Պրակոֆիևիչ Աֆանասևը, աստված հոգին լուսավորի... մի օր...

Մշակների միաձայն աղաղակներն ընդհատեցին նրա խոսքը։ Դավիթը Սրաֆիոն Գասպարիչի խոսքերը հաղորդել էր նրանց, և այժմ աղաղակում էին «հուռռա»։