Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մայր,— արտասանեց Սմբատը, զսպելով և՛ իր բարկությունը, և՛ իր ատելությունը,— ուրեմն դու ուզում ես, որ հարազատ զավակներիս փողո՞ց ձգեմ, ինչպես մի անպետք լաթ։

— Քա՜վ լիցի, որդի, ինչո՞ւ ես փողոց ձգում։ Հայրդ փափագում էր, որ միայն անունդ խլես նրանցից և այգ օտարազգի կնոջից։ Թող ապրեն, ինչպես ուզում են։ Գոհություն երկնավորին, հանգուցյալն այնքան հարստություն է թողել, որ դու կարող ես նրանց ապահովել մինչև մահ։ Թող ուտեն քո ժառանգության մի բաժինը։ Տերը նրանց հետ...

— Մայր, ես հասկացա քեզ, բավական է, այլևս ո՛չ մի խոսք այդ մասին,— ընդհատեց որդին սրտմտությամբ։

Նա ոտքի ելավ և ձեռները դնելով անդրավարտիքի գրպանները, մոտեցավ լուսամուտին։ «Ո՛չ մի խոսք». բայց ի՞նչպես չխոսե մի մայր, որ որդու սիրուց տանջվել է ութ տարի շարունակ և որի վրա մի տանջված հայր սուրբ պարտականություն է դրել մոլորյալ որդուն ուղիղ ճանապարհի բերելու։ Ի՞նչպես չխոսե մի մայր, քանի որ նրա սիրեցյալ զավակի վրա կարող է ծանրանալ հայրական անեծքը։ Եվ Ոսկեհատը շարունակեց։ Նկարագրեց իր տառապանքները, ամուսնու տանջանքները, ազգական—բարեկամների դառը կշտամբանքները, ծանոթների պարզ ու խուլ ատելություններն ու արհամարհանքները, ազգի և եկեղեցու անեծքները...

Սմբատր լսում էր լուռ, հուզված, անդադար անցուդարձ անելով: Երբ մայրն ավարտեց իր ասելիքը, նա ձեռն ամուր զարկեց ճակատին և մազերը ճանկելով, արձակեց մի դառն ու երկարատև հառաչանք։ Ապա ասաց.

— Մայր, ասացիր ինչ որ ուզում էիր ասել։ Այժմ թո՛ղ ինձ հանգիստ, թո՛ղ որ մենակ մտածեմ իմ անելիքի մասին։

— Բայց այսօր, չէ՞, այսօր կվճռես անելիքդ,— համառեց այրին։

Ներս մտավ Սրաֆիոն Գասպարիչը և սկսեց քրոջը հանգստացնել։ Դեռ ժամանակը չէ այդ ծանր խնդիրը վճռելու։ Թող սուգի օրերն անցնեն, հետո ինքը կխոսե Սմբատի